Գլխավոր Լրահոս

Իրավապաշտպանները պահանջում են քննել «Նուբարաշենում» քաղաքացու ինքնասպանության դեպքը

Իրավապաշտպանները պահանջում են քննել «Նուբարաշենում» քաղաքացու ինքնասպանության դեպքը

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ խոր մտահոգություն հայտնելով քաղաքական պաստառ պատռելու համար ձերբակալված և «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն տեղափոխված Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության առնչությամբ։ Իրավապաշտպանները տեղի ունեցածը որակում են որպես մարդու իրավունքների համակարգային խախտում, պետության կողմից սեփական պարտականությունների ձախողում և իրավապահներից պահանջում են անհապաղ, անկախ ու արդյունավետ քննություն իրականացնել ինչպես մահվան հանգամանքների, այնպես էլ անձին ազատությունից զրկելու իրավաչափության շուրջ։ 

«Հերթական անգամ փաստվում է Հայաստանում քրեաիրավական գործիքակազմի անօրինական, կամայական և անհամաչափ կիրառում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:

Նախընտրական քարոզչական պաստառը պոկելը կամ պատռելը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է վարչական իրավախախտում՝ նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության 40.11-րդ հոդվածով և որպես հետևանք առաջացնում է տուգանքի նշանակում։

Մինչդեռ, ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անձը անօրինականորեն և կամայականորեն ձերբակալվել է՝ խախտելով նրա ազատության իրավունքը: Շարունակաբար արձանագրվում է, որ ազատության սահմանափակման միջոցները իրավապահ մարմինների կողմից կիրառվում են անհամաչափորեն և ունեն պատժիչ բնույթ։ 

Հստակ չէ քրեական վարույթի շրջանակներում Հովհաննիսյանի ընթացակարգային իրավունքների ապահովումը, այդ թվում՝ նրա պաշտպան ունենալու իրավունքի, ինչպես նաև հոգեկան առողջության կենտրոնում տեղավորելու օրենքով սահմանված հիմքերի ու այդ գործընթացում նրա իրավունքների երաշխավորումը։

Ձերբակալման պահից  Հովհաննիսյանը գտնվել է մեկուսացման պայմաններում՝ պետության անմիջական վերհսկողության ներքո։ Հետևաբար, պետական մարմինները և պաշտոնատար անձինք, ելնելով պետության պոզիտիվ պարտականություններից, պարտավոր էին ապահովել նրա կյանքի և առողջության պաշտպանությունը, այդ թվում՝ կատարել հնարավոր ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի գնահատում և իրականացնել դրա կանխմանն ուղղված պատշաճ և համաչափ գործողություններ և ապահովել անձի խոցելիությանը համարժեք վերաբերմունք և հսկողություն։

Միաժամանակ արձանագրում ենք, որ տվյալ դեպքը եզակի չէ, և նախորդ տարիներին անազատության վայրերում անձանց կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքերի առթիվ չի իրականացվել արդյունավետ քննություն և հանրային հաշվետվողականություն  ոչ միայն դեպքի հանգամանքները պարզելու և պատասխանատվության ապահովելու նպատակով, այլև համակարգային բացթողումները վերհանելու և ինքնասպանության կանխարգելման պատշաճ մեխանիզմներ ներդնելու և կիրառելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հայտարարության հեղինակները պահանջում են Գլխավոր դատախազությունից և քննչական կոմիտեից կատարել անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն ոչ միայն Արմեն Հովհաննիսյանի ենթադրյալ ինքնասպանության հանգամանքների, այլև նրան ազատությունից զրկելու և հոգեկան առողջության պահպանման կենտրոնում տեղավորելու իրավաչափության շուրջ՝ ապահովելով տուժողի իրավունքների պաշտպանությունը, պատասխանատվության ենթարկել Հովհաննիսյանի իրավունքների խախտումներ թույլ տված բոլոր պաշտոնատար անձանց, Ապահովել պատշաճ հանրային հաշվետվողականություն վարույթի ընթացքի և արդյունքների վերաբերյալ։

Հայտարարության տակ ստորագրել են՝

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Արդարության նոր մշակույթ ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Փինկ իրավապաշտպան ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

ՄեդիաՍտեփ ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում