Թուրքիայի հետ համաձայնեցնում ենք Հայաստանի մասով մեր գործընթացները. ադրբեջանցի դեսպան

«Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները կբացվեն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո». մայիսի 18-ին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական Cumhuriyet-ին տված հարցազրույցում։ Նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Ադրբեջա՞նն է խոչընդոտում Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։
«Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները միաժամանակ ենք վարում։ Միմյանց հետ [Թուրքիայի] համաձայնեցնում և քայլ առ քայլ առաջ ենք ընթանում։ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջ կա։ Հունիսի 7-ի ընտրությունից հետո [Հայաստանը] փոխելու է Սահմանադրությունն ու հանրաքվե անցկացնելու։ Դրանից հետո կստորագրվի նախաստորագրված խաղաղության պայմանագիրը», - նշել է ադրբեջանցի դեսպանը։
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումներում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը պարբերաբար կապում են Հայաստանի Սահամանդրության փոփոխության հանրաքվեի հետ։
Ինչ վերաբերում է Անկարայի դիրքորոշմանը, ապա թուրքական կողմը Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պաշտոնապես կապում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով։
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրվելուն պես մենք կբացենք Հայաստանի հետ սահմանը», - վերջերս ասել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։











