Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհան հանդիպել են Մոլդովայում՝ երկու երկրների միջև վերջին շրջանում ակտիվացած շփումների ֆոնին։ Վերջին հանդիպումը տեղի է ունենում նախորդ տարիների լարված հարաբերությունների պայմաններում, սակայն հարաբերությունների կարգավորման հեռանկարը շարունակում է մնալ անորոշ։
Բոճորիշվիլին և Սիբիհան հանդիպել են մայիսի 15-ին Քիշնևում, որտեղ անցկացվում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանը։
Սիբիհան սոցիալական ցանցերում հանդիպումը բնութագրել է որպես մայիսի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած «վերջին երկխոսության ուղղակի շարունակություն»։ Կարճ զրույցը տեղի էր ունեցել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Ի՞նչ ստացավ Հայաստանը եվրոպական գագաթնաժողովներից
«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս ձգվող ընդհանուր արժեքային տարածքում վերջին քաղաքական զարգացումները, մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես GUAM-ի (Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն) շրջանակում։ Մենք շարունակում ենք զարգացնել թափանցիկ, պրագմատիկ և կառուցողական ուկրաինա-վրացական երկխոսությունը», - նշել է նա։
I had a great opportunity to meet with my Georgian colleague @MakaB__ at the Ministerial Session of the Committee of Ministers of the Council of Europe.
— Andrii Sybiha 🇺🇦 (@andrii_sybiha) May 15, 2026
Our conversation served as a direct follow-up to the recent dialogue between President of Ukraine Volodymyr Zelenskyy and the… pic.twitter.com/MZBPZKUa7g
Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ «քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել Ուկրաինայի նկատմամբ Վրաստանի հետևողական քաղաքական և հումանիտար աջակցությանը»։
«Հանդիպումը դարձավ Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների միջև վերջին շփումների հերթական քայլը», - ասված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, հայտարարությունը պարունակում էր նաև ակնհայտ քննադատություն Կիևի հասցեին։ Վրացական կողմն ընդգծել է «Վրաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա խնդիրները», նախարարությունը հիշատակել է «վերջին տարիներին ուկրաինական իշխանությունների ձեռնարկած քայլերը և դիրքորոշումները, որոնք շարունակում են խոչընդոտել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»։
Քիշնևում հանդիպումը, հավանաբար, պայմանավորված էր մայիսի 6-ին երկու նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցով։ Ավելի վաղ Բոճորիշվիլին և Սիբիհան հանդիպել էին նաև Երևանի գագաթնաժողովում, որտեղ կարճ զրույց էին ունեցել նաև Կոբախիձեն և Զելենսկին՝ ազդարարելով Կիևի և Թբիլիսիի միջև շփումների նկատելի ակտիվացումը։
Ակտիվացած շփումները նոր քննարկումներ են առաջացրել հարաբերությունների կարգավորման շուրջ։ Վրացական կողմը բազմիցս ընդգծել է, որ նախաձեռնությունը «գալիս է ուկրաինական կողմից»։
Բոճորիշվիլին իշխանամետ լրատվամիջոցներին ասել է, որ Կիևի «ակտիվացումը» կապված է «կապուղիների ոլորտում Վրաստանի դերի» հետ՝ ակնարկելով, որ Ուկրաինան Թբիլիսիի միջոցով այլ երկրների հետ հարաբերություններում որոշակի «կարիքներ» ունի։
Եվրոպայի խորհրդի միջոցառման ժամանակ, որտեղ հանդիպել էին Սիբիհան և Բոճորիշվիլին, 46 երկրներից 36-ը հայտարարել են, որ պատրաստ են միանալ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան հետաքննող նոր տրիբունալին։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, չեն միացել նախաձեռնությանը։ Բոճորիշվիլին պատճառները բացատրել է՝ մեղադրելով ԵՄ-ին.
«ԵՄ որոշ անդամ պետությունների վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ մեզ չի տալիս այն հնարավորությունը կամ շքեղությունը՝ ընդունելու որոշումներ, որոնք կարող են լրացուցիչ ռիսկեր և սպառնալիքներ ստեղծել մեր երկրի համար»։
«Վրացական երազանքի» պատգամավորը քննադատում է Զելենսկուն
Երբեմնի սերտ դաշնակիցներ Վրաստանն ու Ուկրաինան վերջին տարիներին հեռացել են միմյանցից։ Դրա պատճառներից են Զելենսկու հարաբերությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա դաշնակիցների հետ, ինչպես նաև իշխող «Վրացական երազանքի» հռետորաբանությունը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ֆոնին։
2022-ի մարտին՝ պատերազմի մեկնարկից մի քանի օր անց, Կիևը հետ կանչեց Թբիլիսիում իր դեսպանին։ Այդ ժամանակ Զելենսկին խոսում էր վրացական կառավարության «անբարոյական դիրքորոշման» մասին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, ինչպես նաև Ուկրաինա մեկնող վրացի կամավորների չարտերային չվերթը արգելափակելու մասին։
Պատերազմի համատեքստում իշխող կուսակցությունը հաճախ օգտագործում է «խորը պետություն» և «համաշխարհային պատերազմի կուսակցություն» եզրույթները, որոնք պարբերաբար հայտնվում են «Վրացական երազանքի» դավադրապաշտական հռետորաբանության մեջ։ Կուսակցության պնդմամբ՝ այդ ստվերային ուժերը ներթափանցել են Արևմուտքի քաղաքական շրջանակներ, Ուկրաինային ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ և փորձում են նույնը անել Վրաստանում։
2025-ին, երբ Զելենսկին քննադատել էր վրացական կառավարությանը և հայտարարել, որ «Եվրոպան կորցրել է Վրաստանը», «Վրացական երազանքի» առաջնորդներից Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել էր, որ Զելենսկին պետք է «զբաղվի իր երկրով, խոսի այն մասին, թե ինչ է կորցրել և ինչ է արել իր ժողովրդի ու երկրի հետ»։
Մյուս կողմից Թբիլիսին հետևողականորեն հերքում էր հակաուկրաինական լինելու մեղադրանքները և հայտարարում, որ շարունակում է Կիևի հետ «միակողմանի բարեկամության» փուլում լինել՝ հաճախ հիշեցնելով Ուկրաինային աջակցող միջազգային բանաձևերին իր աջակցությունը, ինչպես նաև ուկրաինացի փախստականներին ընդունելու և հումանիտար օգնություն տրամադրելու մասին։
Վերջին շփումների ֆոնին կոշտ հռետորաբանությունը չի դադարել։ Ուրբաթ օրը՝ հենց այն օրը, երբ հանդիպել էին Սիբիհան և Բոճորիշվիլին, «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարկուան կոշտ քննադատել է Զելենսկուն։
«[Զելենսկին] ստիպված եղավ նախ հանդիպում խնդրել [Երևանում Կոբախիձեի հետ], հետո էլ գալ այդ հանդիպմանը։ Ահա թե ինչ է պատահում յուրաքանչյուր առաջնորդի հետ, որը չունի ինքնահարգանք, հեղինակություն և դրածո՝ չակերտավոր առաջնորդ։ Վերջում նրանք բոլորը նույն ճակատագրին են արժանանալու», - ասել է նա։
Զարկուայի խոսքով՝ Թբիլիսին միշտ աջակցել է «ուկրաինացի ժողովրդին և խաղաղությանը», սակայն դրա դիմաց ստացել է դեսպանի արտաքսում և Կիևի պատժամիջոցներ։ Նա նկատի ուներ 2024-ի դեկտեմբերին Զելենսկու կողմից «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, այդ թվում՝ Կոբախիձեի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ նրանց մեղադրելով Վրաստանի և նրա ժողովրդի շահերը «վաճառելու» մեջ։
Լարվածության մեկ այլ պատճառ է Սաակաշվիլին, որը ներկայումս բանտարկված է Վրաստանում։ «Վրացական երազանքը» բազմիցս դատապարտել է նրա իշխանության տարիները և փորձել է Սահմանադրական դատարանի միջոցով արգելել նրա կուսակցությունը՝ նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժումը»։
Սաակաշվիլին ունի Ուկրաինայի քաղաքացիություն, որը ստացել է 2013-ից հետո՝ Վրաստանի նախագահի պաշտոնավարման ավարտից հետո։ Այնուհետև նա տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ։ Մինչև 2021-ին Վրաստան վերադառնալը նա Զելենսկու նշանակմամբ ղեկավարում էր Գործադիր բարեփոխումների հանձնաժողովը։
2023-ին բանտում Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումից հետո Կիևը Վրաստանի դեսպան Գիորգի Զախարաշվիլիին հետ էր կանչել խորհրդակցությունների համար՝ քննարկելու նրա հնարավոր տեղափոխությունը։
Վերջին շփումները հարցեր են առաջացրել, թե արդյոք վերջին հանդիպումներին Սաակաշվիլիի մասին քննարկում եղել է։ Կոբախիձեն լրագրողներին ասել է, որ «էթնիկ վրացի հանցագործի» հարցը որպես որևէ նախապայման քննարկելը «լիովին բացառվում է»։
RFE/RL-ի տվյալներով՝ մինչ Սաակաշվիլիի մասին հարցին պատասխանելը նա ասել էր, որ «պատրաստ են քննարկել բոլոր հարցերը, սակայն չեն կարող միմյանց հետ խոսել նախապայմանների լեզվով»։
Կոբախիձեի մեկնաբանությանը նախորդել էր մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել էր նաև Սաակաշվիլիին։
«Հումանիտար նկատառումներից և պատմական տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Սաակաշվիլին վերադառնա Ուկրաինա», - ասել էր նա վրացական ընդդիմադիր TV Pirveli-ին։ Որպես այլընտրանք՝ Պոդոլյակը նշել էր նաև Սաակաշվիլիին երրորդ «չեզոք» երկիր տեղափոխելու հնարավորությունը։












