Գլխավոր Լրահոս

«Շտապ ստուգեք». ինչպես են կեղծ լուրերի համակարգված ցանցերը փորձում ներթափանցել հայկական մեդիադաշտ

«Շտապ ստուգեք». ինչպես են կեղծ լուրերի համակարգված ցանցերը փորձում ներթափանցել հայկական մեդիադաշտ

«Խնդրում եմ ստուգել այս լուրը․ շտապ լուր», «Նորություն X-ում, ստուգե՛ք լուրը», «Խնդրում եմ ստուգել այս լուրը․ հայտնի լրատվամիջոցների հրապարակումների ստուգում»․ նմանատիպ կարճ ու «հրատապ» վերնագրերով նամակներ #CivilNetCheck-ը ստանում է ավելի քան երկու տարի։

Նամակները գալիս են անծանոթ Gmail հասցեներից։ Բոլորը՝ անգլերեն, նույնատիպ «շտապ ստուգեք» ձևակերպումներով։ Դրանցում կցված են X, Bluesky, TikTok հարթակների կամ Telegram ալիքների գրառումների հղումներ, իսկ ուղարկողները խնդրում են ստուգել այդ հրապարակումները։

Սկզբում թիրախում Ուկրաինան, Ֆրանսիան, Մոլդովան ու եվրոպական այլ երկրներ էին։ 2025-ի վերջից նույն մեթոդներով ուղարկվող նամակներում ավելի հաճախ են սկսել հայտնվել արդեն Հայաստանի մասին հրապարակումներ՝ կոռուպցիայի, ընտրությունների, արտաքին ազդեցությունների և իշխանությունների վերաբերյալ աղմկահարույց պնդումներով։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք պատահական օգտատերերի առանձին հաղորդագրություններ չեն։ Նամակների կառուցվածքը, օգտագործվող հաշիվները, կրկնվող աղբյուրները և տարածվող նարատիվները հուշում են համակարգված ապատեղեկատվական արշավի մասին, որի թիրախում հայտնվել են նաև փաստեր ստուգողները։

Ինչո՞ւ են նույն նամակներն ուղարկվում փաստեր ստուգողներին

#CivilNetCheck-ից բացի, նմանատիպ նամակներ ստանում են նաև եվրոպական փաստեր ստուգող կազմակերպությունները։ Ավստրիական մամուլի գործակալության (APA) փաստերի ստուգման բաժնի խմբագիր Ստեֆան Ռաթմանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ իրենց կազմակերպությունում նման նամակները սկսել են համակարգված դասակարգել դեռ 2024-ի սկզբից։ Սակայն Հայաստանին վերաբերող առաջին նման նամակները ստացել են 2025-ի դեկտեմբերի սկզբին, մինչ այդ հիմնական թիրախները, ըստ նրա, Ուկրաինան և Ֆրանսիան էին։

«Առաջին նամակները ստանալուց հետո ես բավական զգոն էի, որովհետև ենթադրում էի, որ հնարավոր է՝ մոտենում են ընտրությունները, ինչը, ինչպես պարզվեց, այդպես էլ կար։ Այդ օրինաչափությունը մենք տեսել էինք նաև նախորդ տարի Մոլդովայում։ Ընտրություններից մոտ կես տարի առաջ սկսել էինք ստանալ Մոլդովայի վերաբերյալ տարբեր պնդումներ պարունակող նամակներ»,- նշում է Ռաթմանը։

APA-ն Մոլդովայի վերաբերյալ ստացել է շուրջ 56 նման նամակ, որոնց մեծ մասը տարածվել է ընտրություններից առաջ ընկած շաբաթներին։ Հայաստանի վերաբերյալ մինչ այժմ արձանագրվել է առնվազն 23 նման նամակ։ Ավստրիացի մեր զրուցակիցը չի բացառում, որ ընտրություններին մոտենալուն դրանց թիվը կաճի։

«Մոլդովայում հիմնական թիրախը նախագահ Մայա Սանդուն էր, իսկ այժմ Հայաստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշում է նա։

Այս նամակները միջազգային փաստեր ստուգողների շրջանում հայտնի «Մատրյոշկա» արշավի մեթոդներից են։ Այդպես անվանում են համակարգված ապատեղեկատվական արշավները, որոնց ընթացքում նույն կեղծ նարատիվները տարբեր հարթակներում ու տարբեր հաշիվներով ներկայացվում են որպես բազմաթիվ «անկախ աղբյուրներ»։

Այդ մեթոդի մաս են նաև փաստեր ստուգողներին ուղարկվող նամակները․ կեղծ հրապարակումները սկզբում տարածվում են X-ում, Telegram-ում կամ այլ հարթակներում, ապա դրանց հղումները տարբեր էլեկտրոնային հասցեներից ուղարկվում են խմբագրություններին՝ լրացուցիչ ուշադրություն գրավելու համար։

Ամերիկյան Foreign Affairs պարբերականի հետաքննությունը ցույց է տալիս, որ նման ապատեղեկատվական արշավներով զբաղվող ռուսական ընկերությունները հատուկ հետևում են, թե իրենց բովանդակությունն ինչ արձագանք է ստանում մեդիայում, սոցիալական հարթակներում և փաստեր ստուգող կազմակերպությունների շրջանում։

Արտահոսած ներքին փաստաթղթերի համաձայն՝ կազմակերպությունները առանձին հաշվետվություններ են կազմել իրենց վերաբերյալ հրապարակումների, հետաքննությունների և սոցցանցերի կողմից իրականացված հեռացումների մասին՝ դրանք ներկայացնելով որպես արշավների «արդյունավետության» ապացույց։ Foreign Affairs-ի գնահատմամբ՝ այդ արձագանքները ներկայացվել են որպես արշավների արդյունավետության ապացույց և օգտագործվել հետագա ֆինանսավորումը հիմնավորելու համար։

Ինչպես է գործում արշավը. նորաբաց Gmail-ներ և պատահական անուններ

Նամակներն առաջին հայացքից տարբեր մարդկանցից են թվում։ Սակայն դրանցում մեկ ընդհանուր օրինաչափություն կա՝ գրեթե յուրաքանչյուր հաղորդագրություն ուղարկվում է նոր ստեղծված Gmail հասցեից, որը հետագայում այլևս չի օգտագործվում։

Այդ հասցեների մեծ մասը կազմված է պատահական տառերից ու թվերից և չի պարունակում իրական անուններ կամ ինքնությունը հուշող տվյալներ։ Հասանելի տեխնիկական տվյալները ցույց են տալիս, որ հաշիվները հիմնականում վերջերս են ստեղծվել, իսկ մի շարք դեպքերում՝ նաև ավտոմատ գեներացվել։

Միևնույն ժամանակ, նամակներն ուղարկելիս հաճախ օգտագործվում են իրական մարդկանց անուններ՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե հաղորդագրությունները գալիս են սովորական օգտատերերից։ Սակայն այդ անունները հաճախ որևէ կապ չունեն էլ-փոստի հասցեների հետ։

Էկրանապատկերը՝ #CivilNetCheck-ին ուղարկված նամակներից
Էկրանապատկերը՝ #CivilNetCheck-ին ուղարկված նամակներից

Ի՞նչն է հուշում համակարգված արշավի մասին

Մի շարք հանգամանքներ հուշում են, որ նամակներն ուղարկվում են համակարգված կերպով։ Սովորաբար սոցցանցերում հրապարակված գրառումները մեկ-երկու օր անց տարբեր էլեկտրոնային հասցեներից ուղարկվում են փաստեր ստուգողներին։

Թեև հասցեները տարբեր են, նամակներում կցված հղումները հաճախ ոչ միայն նույնական են, այլև ուղարկվում են նույն հերթականությամբ՝ նույն Telegram ալիքներով և նույն X-ի հաշիվներով։ Իրական օգտատերերի դեպքում դժվար է պատկերացնել, որ տարբեր մարդիկ պատահաբար նույն կառուցվածքով և նույն հերթականությամբ ուղարկեն նույն բովանդակությունը։

Օրինակ՝ [email protected]-ից և [email protected]-ից ուղարկված նամակներում հանդիպում են նույն X-ի և Bluesky-ի նույն օգտահաշիվների հղումները՝ նույն հաջորդականությամբ։

Ընդ որում՝ նման նամակներում հաճախ միաժամանակ կցված են լինում Հայաստանի վերաբերյալ 4-5 ստուգման ենթակա հրապարակումներ, որոնք տեղադրված են նույն օրը՝ երբեմն ընդամենը րոպեների կամ ժամերի տարբերությամբ։ Բոլոր գրառումները հրապարակվում են անգլերենով և կրկնում են նույն մեթոդներն ու նարատիվները։

Օրինակ՝ մայիսի 2-ին ստացված նամակում առաջարկվում էր ստուգել նախորդ օրը՝ մայիսի 1-ին հրապարակված մի քանի գրառում։ Դրանցից մեկում պնդվում էր, թե Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ։ Մյուս գրառման մեջ նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հաստատել է՝ Հայաստանում կառուցվում է ուկրաինական տեխնոլոգիաներով աշխատող անօդաչու թռչող սարքերի գործարան։ 

Նույն օրը հրապարակված մեկ այլ գրառմամբ էլ պնդվում էր, թե վարչապետ Փաշինյանը Փարիզում ութ բնակարան ունի։

Օրինակ՝ doinb_alex անունով օգտատիրոջ հրապարակումներից մեկում ամերիկացի երգչուհի Շերի անունը գրված է «Sher», մինչդեռ անգլերենում նրա բեմական անունը գրվում է «Cher»։ Սա կարող է հուշել, որ գրառման հեղինակը անգլախոս չէ կամ բովանդակությունը պատրաստվել է ոչ բնական անգլերենով։

Էկրանապատկերը՝ X-ում doinb_alex անունով օգտատիրոջ հրապարակումից
Էկրանապատկերը՝ X-ում doinb_alex անունով օգտատիրոջ հրապարակումից

Ռուսալեզու Telegram ալիքներ և հեռացվող բոտ հաշիվներ

Նամակներում հաճախ հղումներ են կցվում նույն ռուսալեզու Telegram ալիքներից՝ Шкварка 2.0, Республика Одесса, Шаман Раху և այլն։ Ուղարկողները հիմնականում հենց այդ ալիքներում հրապարակված գրառումներն են առաջարկում «ստուգել»։ Այդ ալիքները պարբերաբար տարածում են նաև Հայաստանի վերաբերյալ կեղծ կամ մանիպուլյատիվ հրապարակումներ։

Օրինակ՝ նամակներից մեկում խնդրում էին ստուգել Шкварка 2.0 Telegram ալիքում հրապարակված պնդումը՝ Դուբայում իբր Փաշինյանի փողերը կրիպտոարժույթի միջոցով լվացող հայի անհետացման մասին։

Telegram ալիքների տեղակայման և կիրառվող լեզվի վերաբերյալ հասանելի տվյալները ցույց են տալիս, որ դրանց մի մասը կառավարվում է Ռուսաստանից, իսկ հիմնական լեզուն ռուսերենն է։

Էկրանապատկերը՝ telemetr.io-ից
Էկրանապատկերը՝ telemetr.io-ից

#CivilNetCheck-ը ևս նախկինում անդրադարձել է Հայաստանը թիրախավորող նույն տելեգրամյան ալիքներին։

Տես՝ Ինչպես են Տելեգրամյան ցանցերը տարածում ապատեղեկատվություն Հայաստանի մասին

Սոցցանցերի կողմից հեռացվող բոտ հաշիվները

Ուղարկված նամակներին կցված X-ի (նախկին Twitter), Bluesky-ի և TikTok-ի բազմաթիվ հաշիվներ կարճ ժամանակ անց հեռացվում են հենց հարթակների կողմից։ Այդ պատճառով #CivilNetCheck-ը ուսումնասիրել է դրանց արխիվացված տարբերակները։

Սոցիալական ցանցերը սովորաբար հեռացնում են այն հաշիվները, որոնց դեպքում արձանագրում են կեղծ կամ ոչ իրական վարքագիծ (fake or inauthentic behaviour)։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ X-հաշիվներ նախկինում տարիներով անգործուն են եղել, ապա հանկարծ սկսել են քաղաքական բովանդակություն տարածել Հայաստանի վերաբերյալ։ Սա հուշում է կոտրված կամ գնված հին հաշիվների օգտագործման մասին։ 

Անհամապատասխանություններ կան նաև օգտահաշիվների անվան (Display name) և օգտանվան մեջ (username) մեջ։ Իրական օգտատերերի դեպքում դրանք սովորաբար համընկնում են օգտատիրոջ անվան հետ։ Իսկ այս դեպքում գրառումների հեղինակ X-ի բոլոր օգտահաշիվների անուններն ու օգտանունները տարբեր են, ինչը ևս հուշում է, որ դրանք իրական օգտատերեր չեն։

Հայաստանի վերաբերյալ ի՞նչ թեզեր են առաջ քաշում ստացվող նամակներում

Եթե 2025-ի հոկտեմբերից սկսած Հայաստանի վերաբերյալ նման նամակները հազվադեպ էին, ապա 2026-ի ապրիլից դրանց թիվը կտրուկ աճում է։ Ապրիլ-մայիս ամիսներին արդեն լինում են օրեր, երբ տարբեր էլեկտրոնային հասցեներից նույն հրապարակումները ստուգելու առաջարկով մի քանի նամակ է ուղարկվում։

Նամակներին կցված բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական նարատիվների առանցքում 2026-ի խորհրդարանական ընտրություններն են։ Տարածվում են ընտրությունների կեղծման, Արևմուտքի միջամտության, հասարակական բախումների և քաղաքական անկայունության մասին տարբեր թեզեր։

Նման տեղեկատվական ակտիվություն նկատվում է նաև այլ կարևոր քաղաքական իրադարձությունների ընթացքում, օրինակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

Ամենահաճախ կրկնվող նարատիվները վերաբերում են կոռուպցիային, ինքնիշխանության կորստին և Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությանը։ Նամակներում տարածվում են պնդումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների՝ արտերկրում ենթադրյալ գույքի ու կոռուպցիոն գործարքների մասին։ Այս ապատեղեկատվություններին #CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է։ 

Շրջանառվում են նաև պնդումներ, թե օտարերկրյա ընկերությունները ձեռք են բերում Հայաստանի տարածքներ կամ բնական ռեսուրսներ։ Օրինակ՝ մեկ հրապարակմամբ նշվում էր, թե ամերիկյան BlackRock ընկերությունը գնել է Շիկահողի արգելոցի 33 տոկոսը։ Այլ գրառումներում պնդվում էր, թե Հայաստանի գյուղատնտեսական հողերը վաճառվում են օտարերկրյա ընկերություններին, իսկ երկիրը դարձել է «սոցիալական փորձարկումների հարթակ»։

Առանձին նարատիվներ վերաբերում են իշխանությունների կողմից ենթադրյալ ճնշումներին և ընդդիմախոսների հետապնդմանը։ Օրինակ՝ ուղարկված նամակներում «պահանջում էին ստուգել» լուրը ազգությամբ հայ բլոգերի՝ Ֆրանսիայում հարձակման հետևանքով մահվան մասին։ Ըստ գրառման՝ նա քննադատել էր Փաշինյանին։ Մեկ այլ գրառմամբ էլ պնդվում էր, թե վարչապետի խոսնակը երգչուհի Շերին (Cher) հորդորել է «իր կարծիքը պահել իրեն» այն բանից հետո, երբ երգչուհին պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։

Ինչքան մոտենում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները, այնքան ակտիվանում են նաև ընտրությունների թեմայով նարատիվները։ Տարածվում են պնդումներ, թե ընտրությունները կեղծվելու են, իսկ Արևմուտքը միջամտում է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին։

Օրինակ՝ նամակներից մեկում առաջարկվում էր «ստուգել» հրապարակումը, ըստ որի՝ Facebook-ը զանգվածաբար արգելափակում է սփյուռքահայ օգտատերերի հաշիվները, որոնք կոչ են անում չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ 

Այլ հրապարակումներում պնդվում էր, թե Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը ներգրավված է լինելու ընտրությունների «կեղծման» գործընթացում։

Առանձին նարատիվներ փորձում են Հայաստանը կապել Ուկրաինայի պատերազմի հետ։ Տարածվում են պնդումներ, թե ուկրաինացի օլիգարխները ֆինանսավորում են Փաշինյանին կամ Հայաստանում կառուցվում են ուկրաինական տեխնոլոգիաներով աշխատող անօդաչու թռչող սարքերի գործարաններ։

Մեկ այլ տարածվող թեզ Ֆրանսիայի հետ հարաբերությունները ներկայացնում է որպես Ռուսաստանի հետ պատերազմի վտանգ։ Որոշ հրապարակումներում պնդվում է, թե Ֆրանսիան Հայաստանին դրդում է պատերազմի Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի՝ Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին իբր գրել է նաև Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW)։

Նամակներում տարածվում են նաև հրապարակումներ ԼԳԲՏ+ թեմայի շուրջ՝ փորձելով իշխանություններին ներկայացնել որպես «ավանդական արժեքներից հեռացած»։

Գրեթե բոլոր դեպքերում կիրառվում է նույն մեթոդը։ Հրապարակումներում օգտագործվում են հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների և կազմակերպությունների՝ Reuters-ի, CNN-ի, Spiegel-ի, ISW-ի, Human Rights Watch-ի և այլոց անուններն ու տարբերանշանները՝ տպավորություն ստեղծելով, թե բովանդակության աղբյուրը հենց դրանք են։

Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված լրատվամիջոցներն ու կազմակերպությունները նման հրապարակումներ իրականում չեն արել։ Այս նարատիվների մի մասն էլ կրկնում է նախկինում տարբեր ապատեղեկատվական արշավներում տարածված և հետագայում հերքված թեզերը, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել էր։

Տես՝ Ինչպես են Տելեգրամյան ցանցերը տարածում ապատեղեկատվություն Հայաստանի մասին

Նմանատիպ նարատիվներ տարածվում են նաև այլ երկրների վերաբերյալ

Նամակներին կցված հղումներում տարածվում են նաև եվրոպական երկրների վերաբերյալ ապատեղեկատվական թեզեր։

Ֆրանսիայի դեպքում հիմնական նարատիվները վերաբերում են ռազմական համակարգի «թուլացմանը», փախստականների պատճառով միջուկային զենքի վերահսկողության կորստին և նախագահ Էմանուել Մակրոնի վարկաբեկմանը։

Գերմանիայի վերաբերյալ տարածվում են պնդումներ «նացիստական» ռազմական ղեկավարության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ աճող համակրանքի մասին։ Միաժամանակ առաջ է մղվում թեզը, թե Եվրոպայում փոխվում է վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը ներկայացվում է որպես «ավելի մարդասիրական» պատերազմ վարող կողմ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական երկրների վերաբերյալ նման հրապարակումները հաճախ ակտիվանում են ընտրություններից և այլ կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ։ Միաժամանակ Ուկրաինային վերաբերող նարատիվները նամակներում պահպանվում են գրեթե մշտապես՝ անկախ քաղաքական օրակարգից։

Հայաստանի դեպքում էլ, փաստացի, նույն մեթոդները սկսեցին ավելի ինտենսիվ կիրառվել 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Եվրոպական փաստեր ստուգողների դիտարկումները ևս հուշում են, որ նման տեղեկատվական արշավները հատկապես ակտիվանում են քաղաքական զգայուն փուլերում։

Իրադարձություն

Կազմակերպություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում