Գլխավոր Լրահոս

«Հայրենասերնե՞ր», թե՞ կեղծիք տարածողներ․ տելեգրամի «վարկանիշի» մյուս կողմը

«Հայրենասերնե՞ր», թե՞ կեղծիք տարածողներ․ տելեգրամի «վարկանիշի» մյուս կողմը

Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության՝ EUPM Armenia-ի պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ օր անց՝ հունիսի 14-ին, Ереванский наблюдатель տելեգրամյան ալիքը գրեց, թե առաքելության ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն աշխատասենյակ ունի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական շենքում, մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստերին և փաստացի ունի «ուժային փոխվարչապետի» կարգավիճակ։

Պնդումները որևէ ապացույց չունեին, ավելին՝ #CivilNetCheck-ը պարզեց, որ կեղծ են։ Սակայն գրառումն արագ տարածվեց Հայաստանից և Ռուսաստանից գործող մի շարք տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝ 🇦🇲 EРЕВАН 🇷🇺-ն, Говорит Ереван 🇦🇲 Երևանն է խոսում, Армянский калейдоскоп, Моя Родина - Арцах,  Кавказское обозрение,  ArmLine -Новости Z 🇦🇲 և այլն։        

Хроники Армении-ի տելեգրամյան ալիքի ամենամսյա դասակարգման մեջ այս ալիքներից շատերը հայտնվում են «հայրենասերներ» կատեգորիայում։ Սակայն դրանց բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «հայրենասիրություն» անվան տակ միավորված ալիքները պարբերաբար տարածում են կեղծ կամ չհիմնավորված տեղեկություններ, պրոռուսական և հակաեվրոպական թեզեր, ինչպես նաև համակարգված կերպով վերահրապարակում են միմյանց բովանդակությունը։

Ովքե՞ր են «հայրենասերները»

Хроники Армении ալիքը հայկական քաղաքական տելեգրամյան ալիքները բաժանում է չորս խմբի՝ «հայրենասերների», «իշխանամետների», «չափավորների» և «նացիստների»՝ պնդելով, թե այդ դասակարգումն օգնում է ընթերցողին կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։

Ըստ ալիքի սահմանման՝ «հայրենասերների» հիմնական հատկանիշներն են՝ Ռուսաստանի հետ բարեկամությունն ու դաշնակցությունը՝ որպես հիմնարար արժեք, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ընդդիմանալը և Արևմուտքի նկատմամբ անվստահությունը։

Այս դասակարգման հիման վրա Хроники Армении-ն ամեն ամիս հրապարակում է այդ ալիքների ամենադիտված գրառումների վարկանիշը։ 

Ալիքը ստեղծվել է 2019-ին՝ ArmAgr անվամբ, 2022-ին վերանվանվել է Хроники Армении։ Տվյալների հավաքագրման պահին ալիքն ունի շուրջ 8000 հետևորդ։ Ալիքի վարող անձինք հրապարակային չեն։ Ըստ Telemetr.io հարթակի՝ ալիքը դիտումների թիվն արհեստականորեն ավելացնում է։

Էկրանապատկերը՝ telemetr.io-ից
Էկրանապատկերը՝ telemetr.io-ից

«Հայրենասերների» ցանկում ներառված է շուրջ 40 տելեգրամյան ալիք. ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից գործող հիմնականում ռուսալեզու հարթակներ՝ Параллель 🇦🇲🇷🇺 Parallel, Mina_Z, ДЕВУШКА С РУЖЬЕМ, Моя Родина - Арцах, Миацум և այլն։ Хроники Армении-ն սեփական ալիքը ևս ներառել է այս խմբում։

Մի քանի ալիքների անվանումներում կամ օգտանուններում առկա է Z տառը, որը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում դարձել է ռուսական ռազմական գործողություններին աջակցության խորհրդանիշ։

Խմբում ամենամեծ լսարաններն ունեն Самвел ալիքը՝ շուրջ 56 500 հետևորդ, ռուսաստանյան «Եվրազիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Միկա Բադալյանի ալիքը՝ շուրջ 32 000, Армянская вендетта-ն՝ շուրջ 30 200, Alpha News-ը՝ շուրջ 21 000 և Анив Армения-ն՝ շուրջ 18 000 հետևորդ։

Самвел ալիքը պատկանում է «Սամվել» մականունով հայտնի Արմեն Մարտոյանին, որը մասնակցել է 2014-ի Ղրիմի իրադարձություններին, ղեկավարել «Ղրիմի ժողովրդական աշխարհազորի» ստորաբաժանումներից մեկը և հետագայում «Единая Россия»-ից ընտրվել Ղրիմի պետական խորհրդի պատգամավոր։

Մնացած ալիքների մեծ մասն ունի 10 000-ից պակաս հետևորդ, իսկ մի քանիսի լսարանը նույնիսկ 1000-ից պակաս է։ Փոքր լսարանը, սակայն, չի նշանակում ցածր ակտիվություն։ Օրինակ՝ տվյալների հավաքագրման պահին մոտ 6700 հետևորդ ունեցող ДЕВУШКА С РУЖЬЕМ-ը վերջին երեք ամիսներին օրական միջինում շուրջ 60 գրառում է հրապարակել՝ մեծամասամբ վերահրապարակելով այլ աղբյուրների բովանդակությունը։

Ցանկում ընդգրկված որոշ այլ ալիքների դիտումների դինամիկայում ևս, ըստ Telemetr.io-ի, առկա են հնարավոր արհեստական մեծացման նշաններ։

Էկրանապատկերը՝ telemetr.io-ից
Էկրանապատկերը՝ telemetr.io-ից

Վերջին վեց ամիսների տվյալները ցույց են տալիս, որ «հայրենասերների» լավագույն տասնյակում առավել կայուն ներկայություն են ունեցել Միկա Բադալյանի, Работает Альфа-ի (Alpha News), Армянская вендетта-ի և «Բարգավաճ Հայաստանի» անդամ Արման Աբովյանի ալիքները։ Хроники Армении-ն ևս վերջին վեց ամիսներից առնվազն հինգում սեփական ալիքը ներառել է լավագույն տասնյակում։

Ռուսաստանը՝ դաշնակից, Արևմուտքը՝ սպառնալիք

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է ցանկում ընդգրկված ինը ալիքի վերջին ամիսների հրապարակումները։ Դրանցում կրկնվում են մի քանի հիմնական նարատիվներ։

Դրանցից մեկը Ռուսաստանը Հայաստանի առանցքային դաշնակից ներկայացնելու, իսկ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը Հայաստանի իշխանությունների «հակառուսական քաղաքականությամբ» բացատրելու պատումն է։ Այս տրամաբանությամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները հաճախ ներկայացվում են որպես Արևմուտքի աջակցությամբ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության մաս։

Նույնիսկ ներքաղաքական իրադարձություններն են կապվում Մոսկվայի հետ հարաբերությունների հետ։ Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից և կալանավորումից հետո տարածվում էր պնդում, թե Նիկոլ Փաշինյանը դրանով վրեժ է լուծում Ռուսաստանից, քանի որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից չի ստացել ակնկալած արդյունքը։ Նման մեկնաբանություններ էին տարածել Միկա Բադալյանը և քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որոնց գրառումները վերահրապարակվել էին «հայրենասերների» ցանկում ընդգրկված մի շարք ալիքներում։

Մյուս կրկնվող թեզն այն է, որ Հայաստանի և Արևմուտքի համագործակցությունը ոչ թե Հայաստանի շահերին է ծառայում, այլ ուղղված է Ռուսաստանի դեմ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի՝ հայկական ծիրանից ջեմ պատրաստելու գրառումից հետո այն ներկայացվում էր որպես դատարկ PR՝ պնդելով, թե ԵՄ-ն Հայաստանին իրական աջակցություն չի ցուցաբերում։

Այս հրապարակումներում Արևմուտքը ներկայացվում է որպես Հայաստանի իշխանություններին հովանավորող, երկրի ներքին գործերին միջամտող և Հայաստանը Ռուսաստանի դեմ օգտագործող ուժ։

Տարածաշրջանային ծրագրերը՝ որպես ինքնիշխանության կորուստ

Նարատիվների մյուս խումբը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ու տարածաշրջանային հաղորդակցություններին։

«Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (ԹՐԻՓՓ) նախագիծը ալիքներում ներկայացվում է որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»՝ ամերիկյան փաթեթավորմամբ։ Գրառումներում այն ներկայացվում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու և Թուրքիայի ու Ադրբեջանի համար միջանցք ստեղծելու ծրագիր։

Նույն սպառնալիքի տրամաբանությամբ ակտիվորեն տարածվում է նաև 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» թեման։ Այն ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև գաղտնի պայմանավորվածություն, որը նպատակ ունի փոխել Հայաստանի ժողովրդագրական պատկերը և թուլացնել հայկական պետականությունը։

Օրինակ՝ Mina_Z-ի գրառումներից մեկում պնդվում էր, թե դպրոցներում ադրբեջաներենի դասավանդման քողի տակ Ադրբեջանից ուսուցիչներ են տեղափոխվելու Հայաստան՝ իրենց ընտանիքներով։

Ուսումնասիրված ժամանակահատվածում այս թեման տարբեր ձևակերպումներով Mina_Z, 🇦🇲 EРЕВАН 🇷🇺 և Хроники Армении ալիքներում հանդիպել է շուրջ 20 անգամ, իսկ Цицак | ԾԻԾԱԿ և Записки армянского офицера ալիքներում՝ 5-10 անգամ։

Կեղծ տեղեկություններ՝ ռուսաստանյան աղբյուրներից

Ալիքները տարածում են նաև բացահայտ կեղծ տեղեկություններ։

Դրանցից մեկը Հայաստանի մասին պարբերաբար կեղծ տեղեկություններ հրապարակող VT Foreign Policy կայքի նյութն էր, որտեղ պնդվում էր, թե Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ներգրավված է պետական միջոցների յուրացման մեջ։

Ռուսական ВнешнийВраг ալիքում նյութի հրապարակումից հետո այն վերահրապարակել էին Записки армянского офицера, EРЕВАН, Моя Родина-Арцах, Армянский калейдоскоп, Параллель 🇦🇲🇷🇺 Parallel և այլ ալիքներ՝ այն ներկայացնելով որպես «ամերիկյան հետաքննություն»։ Մինչդեռ, «հետաքննությունը» հրապարակել էր ռուսական «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը»։ 

Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը

 #CivilNetCheck-ը պարզել էր, որ հրապարակման պնդումները կեղծ են։

Էկրանապատկերը՝ կեղծ լուրը տարածած տելեգրամյան ալիքներից
Էկրանապատկերը՝ կեղծ լուրը տարածած տելեգրամյան ալիքներից

Նման մեխանիզմով տարածվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապի՝  նացիստական Գերմանիայի կողմից կռվելու բազմիցս հերքված պնդումը։ Մայիսի 6-ին այն տելեգրամում վերահրապարակել էր ռուսաստանցի լրագրող Մարինա Ախմեդովան՝ Փաշինյանի գործողությունները կապելով պապի ենթադրյալ անցյալի հետ և գրելով, թե վարչապետը Ղարաբաղի հարցում վարվել է «մոտավորապես այնպես, ինչպես իր պապը»։

Գրառումն ակտիվորեն տարածել էին տասնյակ ռուսական և հայկական ալիքներ, այդ թվում՝ Параллель 🇦🇲🇷🇺 Parallel, Товарищ генерал, ДЕВУШКА С РУЖЬЕМ, Мой АРЦАХ!, Миацум, Моя Родина-Арцах և Арцах 44։ 

Վերաակտիվացված նարատիվ․ ինչպես էր համակարգված տարածվում Փաշինյանի պապի մասին կեղծ թեզը

Նույն աղբյուրները, նույն նախաձեռնությունները

«Հայրենասերների» ցանկում ընդգրկված ալիքները հաճախ վերահրապարակում են միմյանց գրառումները և օգտվում նույն աղբյուրներից։

Դրանց բովանդակության մեջ հաճախ հանդիպում են «Sputnik Արմենիա»-ի, «5-րդ ալիք»-ի, Yerevan.Today-ի, 7or.am-ի և Alpha News-ի հրապարակումները, ինչպես նաև Միկա Բադալյանի, Արման Աբովյանի, Բենիամին Մաթևոսյանի, Արթուր Խաչիկյանի և այլ մեկնաբանների գրառումները։

Որոշ ալիքներ, հատկապես Цицак | ԾԻԾԱԿ-ը, ակտիվորեն լուսաբանում են նաև ռուսական «Եվրազիա» ՀԿ-ի գործունեությունը Հայաստանում։

Էկրանապատկերը՝ Цицак | ԾԻԾԱԿ տելեգրամյան ալիքից
Էկրանապատկերը՝ Цицак | ԾԻԾԱԿ տելեգրամյան ալիքից

Ալիքները իրականացնում են նաև համատեղ նախաձեռնություններ։ Օրինակ՝ «Скажи правду, подписчик» նախաձեռնության շրջանակում դեռ ընտրություններից առաջ հետևորդներից իբր ստացված անանուն տեղեկությունների հիման վրա տարածվում էին պնդումներ, թե պետական և մասնավոր ընկերությունների աշխատակիցներին ստիպում են աջակցել իշխանությանը։ Այս պնդումները հաստատող ապացույցներ չէին ներկայացվում, սակայն դրանք տարածվում էին մի շարք ալիքներով՝ ընտրությունները դեռ քվեարկությունից առաջ կեղծված ներկայացնող նարատիվի շրջանակում։

Այսպիսով, «հայրենասիրություն» անվան տակ ձևավորվում է տեղեկատվական միջավայր, որտեղ պրոռուսական քաղաքական նարատիվները զուգակցվում են մոլորեցնող, իրականությունը խեղաթյուրող և ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածման հետ։ Դրանք հաճախ շրջանառվում են նույն աղբյուրներից, վերահրապարակվում նույն ալիքների միջոցով և կրկնվում տարբեր թեմաների շուրջ՝ ստեղծելով փոխկապակցված տեղեկատվական հոսք։ Ընդ որում, այս ալիքների մեծ մասի դեպքում հրապարակային չէ, թե ով է դրանք վարում կամ ինչ կառույցների հետ են դրանք կապված։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում