Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում տարածվում են հրապարակումներ, իբրև ամերիկացի լրագրողները հետաքննություն են հրապարակել` բացահայտելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ներգրավված է պետական միջոցների յուրացման մեջ։
«Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, ATLIX ընկերության միջոցով հասանելիություն է ստացել ավելի քան 80 միլիոն դոլարի պետական միջոցներին»,- նշված է տարածվող գրառումների մեջ։
Հրապարակումը ի սկզբանե տարածվել էր X հարթակում, ապա ակտիվորեն տարածվել տելեգրամյան ռուսալեզու ալիքներով և վերջին օրերին հասել նաև սոցցանցերի հայկական տիրույթ։
Մինչդեռ «հետաքննությունը» չի հրապարակվել որևէ ամերիկյան լրատվամիջոցի կողմից․ դրա սկզբնաղբյուրը ռուսական հիմնադրամ է, որից հետագայում վերահրապարակում է արել անգլալեզու կայքը։ Նյութը պարունակում է հորինված փաստեր և չհաստատված պնդումներ։ Նախկինում ևս այս հիմնադրամը և նույն անգլալեզու կայքը հրապարակել են Հայաստանի վերաբերյալ կեղծ և մոլորեցնող տեղեկություններ։
Հետաքննության «սկզբնաղբյուրը»
Թեև սոցիալական ցանցերում տարածվող գրառումներում որպես հոդվածի սկզբնաղբյուր նշվում է vtforeignpolicy[.]com կայքը, սակայն հենց նյութում նշվում է, որ «հետաքննությունը» իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», որը ռուսական կառույց է։ Ժամանակագրորեն նույնպես երևում է, որ նյութը նախ հրապարակվել է հիմնադրամի կայքում, ապա՝ վերահրապարակվել այլ հարթակներում։
![Էկրանապատկերը՝ vtforeignpolicy[.]com-ում հրապարակված հոդվածից Էկրանապատկերը՝ vtforeignpolicy[.]com-ում հրապարակված հոդվածից](https://civilnet.am/storage/media/26/04/21/OjXZHbwGUdKtUbP3.webp)
Այսպես, «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» ապրիլի 11-ին հրապարակել է երկարաշունչ հոդված, որում ներկայացվում են իբրև փաստեր՝ Փաշինյանի ընտանիքի կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։
Մարիամ Փաշինյանին անդրադառնալուց առաջ հոդվածում «հիշեցվում» են նաև ընտանիքի այլ անդամների վերաբերյալ նախկինում տարածված կոռուպցիոն պնդումները։ Օրինակ՝ հոդվածում հիշատակվում է Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից «Ժպիտների քաղաք» հիմնադրամից իբրև 3,4 միլիոն դոլարի յուրացման մասին պնդումը, որը #CivilNetCheck-ի նախորդ հետաքննությամբ հերքվել էր՝ պարզելով, որ այն տարածվել էր կեղծ կայքի միջոցով և որևէ փաստական հիմք չունի։
Տես՝ 3,4 մլն դոլարի հորինված հափշտակումը․ ՀՀ իշխանությունները՝ նոր տեղեկատվական գրոհի տակ
Մարիամ Փաշինյանի ընկերությունը ներգրավվա՞ծ է պետական գնումներում
Մարիամ Փաշինյանն իսկապես ներգրավված է «Աթլիքս» ընկերությունում։ 2025-ի սեպտեմբերին հիմնադրված ընկերության 50 տոկոս բաժնետերն է ու գործադիր ղեկավարը։ Մյուս 50 տոկոսը պատկանում է Դիանա Արզումանյանին։ Վերջինս ներգրավված է նաև «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս» ՍՊԸ-ում, որը զբաղվում է ստարտափների վերաբերյալ խորհրդատվությամբ։ Ի դեպ, «Աթլիքս» ընկերությունը գրանցված է նույն հասցեում, ինչ «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս»-ը։
Հոդվածում պնդվում է, թե «Աթլիքս»-ը ստեղծումից կարճ ժամանակ անց ներգրավվել է պետական ծրագրերում և գնումներում՝ մասնավորապես կրթության, բարձր տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում։ Ըստ նույն հրապարակման՝ ընկերությունը մասնակցել է պետական գնումների գործընթացներին և ստացել է պայմանագրեր՝ «խորհրդատվական ծառայությունների», տեխնիկական ստուգումների և թվայնացման ծրագրերի շրջանակում։
Մինչդեռ, Հայաստանում պետական և համայնքային գնումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է gnumner.am և armeps.am հարթակներում, որտեղ հրապարակվում են ինչպես մրցույթներում հաղթած, այնպես էլ հայտ ներկայացրած ընկերությունների տվյալները։
Այդ հարթակներում «Աթլիքս» ընկերության անունը չի հայտնաբերվել՝ ոչ որպես հայտ ներկայացրած, ոչ էլ որպես հաղթող ընկերություն՝ ոչ վերը նշված պետական կառույցների, ոչ էլ այլ գնումների շրջանակում։

#CivilnetCheck-ը կապ հաստատեց Դիանա Արզումանյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ «Աթլիքս» ընկերությունը որևէ պետական գնման կամ ծրագրի չի մասնակցել։ Ըստ Արզումանյանի՝ ընկերությունը ստեղծումից ի վեր որևէ գործունեություն չի իրականացրել։
Հոդվածում «Աթլիքս» ընկերությունը կապվում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ պնդելով, թե այն օգտագործվել է գունավոր և թանկարժեք մետաղների արտահանման, ինչպես նաև զենքի մատակարարումների համար։ Նույն հատվածում նշվում է, թե ֆինանսական փոխանցումները իբրև իրականացվել են Կիպրոսում գրանցված PASALBA LTD ընկերության միջոցով, որը կապված է Սամվել Ալեքսանյանի հետ։ Մինչդեռ, բաց աղբյուրների համաձայն՝ Կիպրոսում գրանցված PASALBA LTD ընկերությունը կապված է եղել ռուսաստանյան «Ռուստ Ռուսաստան» ԲԲԸ-ի հետ, որի իրական շահառուն Ռուստամ Տարիկոն է, և որևէ կապ Սամվել Ալեքսանյանի կամ «Աթլիքս» ընկերության հետ չի հաստատվում։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ապրիլի 21-ին անդրադառնալով հրապարակմանը, հայտնել է, որ նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ. «Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և նրա ընտանիքի անդամների դեմ»։
Հոդվածում տեղ գտած այլ անճշտությունները
Հոդվածում նաև մեջբերվում են միջազգային կազմակերպությունների՝ իբրև Հայաստանում կոռուպցիայի աճի և իրավիճակի վատթարացման վերաբերյալ գնահատականներ։ Մասնավորապես, պնդվում է, թե «Թրանսփարենսի ինթերնեշնլը» կոռուպցիայի մակարդակի վատթարացման պատճառների շարքում նշել է «ժողովրդավարությունից նահանջը, քաղաքական նպատակներով հարուցվող քրեական գործերը, մամուլի ազատության սահմանափակումները և իշխանության էլիտար զավթումը»։ Նշվում է նաև, թե Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն՝ կոռուպցիայի դեմ քաղաքականության նկատմամբ հանրային վստահությունը 2018-ից ի վեր նվազել է մոտ երկու անգամ։
Մինչդեռ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» Հայաստանի վերաբերյալ նման գնահատականներ չի ներկայացրել․ կազմակերպությունը խոսել է հակակոռուպցիոն բարեփոխումների դանդաղման և սահմանափակ առաջընթացի մասին, այլ ոչ թե կոռուպցիայի կտրուկ աճի կամ իշխող էլիտայի կողմից իշխանության «զավթման»։ Բացի այդ, IRI-ի որևէ հարցում չի արձանագրում, թե հակակոռուպցիոն քաղաքականության նկատմամբ վստահությունը «կեսով նվազել է 2018-ից»։
Հոդվածում որպես ապացույց ներկայացված հղումներում նման ձևակերպումներ ևս առկա չեն։
Բացահայտման տարածման պատմությունը
Ինչպես նշեցինք, հոդվածը նախ հրապարակվել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում՝ ապրիլի 11-ին, իսկ ապրիլի 13-ին տեղադրվել է նաև vtforeignpolicy.com կայքում։ Նույն օրը այն տարածվել է նաև vtforeignpolicy-ի X-ի միկրոբլոգում, ինչպես նաև՝ կայքում որպես հեղինակ նշված Լուկաս Լեյրոզի կողմից իր էջում, որից հետո հոդվածը սկսել են տարածել բոթեր հիշեցնող X-ի այլ օգտահաշիվներ։
Սակայն հայալեզու և ռուսալեզու լսարանին թիրախավորելու համար հոդվածը տարածվել է նաև տելեգրամյան ալիքներով։ Առաջին հրապարակումը գրանցվել է ապրիլի 16-ին, իսկ արդեն ապրիլի 17-ին սկսվել է դրա լայն տարածումը։ Ի դեպ, որոշ տելեգրամյան ալիքներ, ինչպես օրինակ Армянский калейдоскоп և Параллель Z, նույն գրառումը տարածել են երկու անգամ։ Բացի այդ, ապրիլի 17-ին կեղծ օգտահաշիվների միջոցով հրապարակումը տարածվել է նաև ֆեյսբուքում։ Հատկանշական է, որ բոլոր դեպքերում որպես աղբյուր ներկայացվում են «ամերիկացի լրագրողները», և ոչ թե «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», ինչի արդյունքում կորում է նյութի ռուսական ծագումը։
Ինչ է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը»
«Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Фонд борьбы с репрессиями, Foundation to Battle Injustice) ռուսական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2021 թվականին և ներկայացվում է որպես «իրավապաշտպան» կառույց։ Սակայն ստեղծվել է ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնությամբ, որը հայտնի էր որպես Կրեմլին մոտ կանգնած գործարար և ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար (նրան հաճախ անվանում են նաև ՌԴ նախագահ «Վլադիմիր Պուտինի խոհարար»)։ Մինչ մահը, Պրիգոժինը ստեղծել էր բազմաթիվ ապատեղեկատվական հարթակներ, այդ թվում՝ հայտնի կրեմլյան «տրոլների ֆաբրիկան»: Այժմ ֆոնդը գլխավորում է Միրա Տերադան (նաև հայտնի որպես (Օքսանա Վոևոդինա), որը ԱՄՆ-ում բանտարկվել է փողերի լվացման համար:
«Ամերիկյան կայքի» և Լուկաս Լեյրոսի մասին
Vtforeignpolicy[.]com-ում հոդվածի հեղինակ ներկայացված Լուկաս Լեյրոսը ոչ թե անկախ լրագրող է, այլ հանդիսանում է «Storm-1516» անունով հայտնի ապատեղեկատվական ցանցի առանցքային անդամներից մեկը: Microsoft-ի և ֆրանսիական VIGINUM գործակալության տվյալներով՝ Լեյրոսը սերտորեն կապված է ռուս ուլտրաազգայնական գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի շարժման հետ և պարբերաբար համագործակցում է Russia Today-ի հետ:
Սա առաջին դեպքը չէ, երբ կիրառվում է նույն սխեման՝ Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվությունը նախ հրապարակվում է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում, ապա վերահրապարակվում vtforeignpolicy.com-ում և այդտեղից տարածվում սոցիալական ցանցերում։
Կարդացեք նաև՝ «Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր»
Հասանելի է
english
Անի Գրիգորյան
CivilNetCheck










