Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանին գազից զրկելու մասին տեսանյութը դիփֆեյք է

Սոցիալական ցանցերում սեպտեմբերի 17-ից վիրուսային տարածվում է տեսանյութ, որում ռուսական «Russia Today» (RT) մեդիահոլդինգի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, իբր, հայտարարում է, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարումը կարող է դադարեցվել այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից։
«Հայաստանի համար ժամանակավորապես դադարեցրել են գազի մատակարարումը։ Դե հասկանում եք, չէ՞, ժամանակավորապես։ Մինչև ոմանք չհրաժարվեն ԵՄ մտնելու անխելք գաղափարից։ Իսկ եթե չհրաժարվեն, պլանային վերանորոգումները կարող են համընկնել նաև ջեռուցման սեզոնի հետ»,- տեսանյութում իբր ասում է Սիմոնյանը՝ հավելելով, որ վերանորոգումը կտևի այնքան ժամանակ, մինչև հարաբերությունները չբարելավվեն։
Տեսանյութը տարածվել է ֆեյսբուքյան հայկական տիրույթի բազմաթիվ էջերով, ինչպես նաև Տելեգրամում, Ինստագրամում և Յութուբում։
Իրականում, սակայն, Մարգարիտա Սիմոնյանը նման խոսքեր չի ասել։ Տարածվող տեսանյութը դիփֆեյք է (deepfake), իսկ դրանում օգտագործված ձայնը՝ արհեստականորեն գեներացված։
Տեսանյութի կադրերը իրական են, Սիմոնյանի խոսքը՝ ոչ
Տեսանյութի վրա նաև գրված է՝ «Եղբայրական հայ ժողովրդին թողնել առանց գազի, միայն թե նրանք չբարելավեն իրենց կյանքը», որը կրկին վերագրվում է Սիմոնյանին։

Տարածվող տեսանյութում օգտագործվել է «Россия 1» հեռուստաալիքի՝ 2026-ի սեպտեմբերի 6-ին հեռարձակված «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման կադրերը։
Իրական տեսանյութում Սիմոնյանը խոսում է Ռուսաստանի քաղաքներում դրոնային հարձակումների հետևանքով առաջացած վտանգի, Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու պատճառների, նոր մոբիլիզացիա չանցկացնելու և այլ հարցերի մասին։
Նրա խոսքում, սակայն, որևէ անդրադարձ չկա Հայաստանի՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու կամ գազամատակարարումը որպես քաղաքական ճնշման միջոց օգտագործելու մասին։
Գազի պլանային անջատումը Սիմոնյանի կեղծ հայտարարության հիմք
Տեսանյութի հայտնվելուն նախորդել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության սեպտեմբերի 14-ի պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ սեպտեմբերի 15-ից 25-ը պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը։
Կեղծ տեսանյութի տարածումը սկսվել է «Գազպրոմ Արմենիայի» հայտարարությունից հետո։ Սակայն դրա հիմքում օգտագործված բնօրինակ տեսանյութը սեպտեմբերի 6-ի հեռարձակումից է, այսինքն՝ ընկերության սեպտեմբերի 14-ի հայտարարությունից օրեր առաջ։
Այսպիսով, Մարգարիտա Սիմոնյանը նման հայտարարություն չի արել։ Տեսանյութում օգտագործվել են իրական հեռուստաեթերի կադրեր, սակայն նրա ձայնը գեներացվել է արհեստական բանականությամբ։
Նելլի Լազարյան
CivilNetCheck










