Վերաակտիվացված նարատիվ․ ինչպես էր համակարգված տարածվում Փաշինյանի պապի մասին կեղծ թեզը

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով
Գրաֆիկները՝ Շուշան Ստեփանյանի, #CivilNetCheck
Մայիսի 5-ից 9-ը Telegram ալիքներում, X-ի հաշիվներում, ռուսական կայքերում և հեռուստաեթերում գրեթե միաժամանակ սկսեց տարածվել նույն պնդումը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը կռվել է նացիստական Գերմանիայի կողմից։ Մի քանի ժամվա ընթացքում նույնատիպ հրապարակումները հայտնվեցին սոցիալական ցանցերի հարյուրավոր ալիքներում, հետո հասան ռուսական կայքեր և հեռուստատեսություն։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոսքը պարզապես հերթական կեղծ լուրի մասին չէ։ Այս կեղծ թեզը շրջանառվում է առնվազն 2020-ից և պարբերաբար վերաակտիվացվում է քաղաքական կամ տեղեկատվական զգայուն փուլերում։ 2026-ի մայիսին այն կրկին լայն տարածում ստացավ՝ արդեն համակարգված տարածման ակնհայտ հատկանիշներով։
2020-ից մինչև 2026․ նույն նարատիվի պարբերական վերադարձը
Այս թեման առաջին անգամ շրջանառության մեջ մտել է 2020-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի օրվա առթիվ հրապարակել էր իր պապի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի լուսանկարը՝ նշելով, որ նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և զոհվել 1943-ին։
Դրանից անմիջապես հետո ռուսաստանյան, ադրբեջանական և անգամ հայկական մի շարք կայքեր սկսեցին պնդել, թե վարչապետի պապը ծառայել է նացիստական «Հայկական լեգեոնում»։ Եվ չնայած կառավարության տարածած հերքմանը և Փաշինյանի պահանջած պաշտոնական հերքումներին` թեզը շարունակեց շրջանառվել։
Այն մեծ տարածում ստացավ հատկապես 2020-ի հոկտեմբերին ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, մեծամասամբ ադրբեջանական կայքերի ու օգտատերերի կողմից։ Օրինակ՝ X-ում (նախկին՝ Twitter) տեղեկությունը տարածող օգտահաշիվների մեծամասնությունը կրում էր ադրբեջանական անուններ և ազգանուններ, օրինակ՝ elman_murad, SamirTaghiyev_, ZAKA_ALIYEV, HuseyinliElmin, NigarHasanova20 և այլք։
Հաջորդ տարիներին թեման պարբերաբար կրկին հայտնվում էր սոցիալական ցանցերում, սակայն տարածումները համեմատաբար սահմանափակ էին և հիմնականում իրականացվում էին նույնատիպ ադրբեջանական անուններով:
Մինչդեռ, նարատիվի առավել լայն, համակարգված և բազմահարթակ տարածումը տեղի ունեցավ արդեն 2026-ի մայիսին, երբ նույն պնդումը գրեթե միաժամանակ սկսեց տարածվել տելեգրամյան ալիքներում, X-ի հաշիվներում, ռուսական կայքերում և հեռուստաեթերում։
Telegram-ից մինչև հեռուստաեթեր․ ինչպես էր աշխատում տարածման մեխանիզմը
2026-ին նոր ալիքի մեկնարկը տրվել է մայիսի 5-ին «Lomovka» տելեգրամյան ալիքի (ավելի քան 325 000 հետևորդ) հրապարակմամբ։ «Վերմախտի արխիվային քարտն ընդդեմ ընտանեկան լեգենդի․ ինչո՞ւ է այն ի հայտ գալիս հենց հիմա» վերնագրով գրառման մեջ պնդվում էր, թե Ենոքավանից զորակոչված Նիկոլ Վարդանի Փաշինյանը ծառայել է լեգեոներների 814-րդ գումարտակում և զոհվել 1943-ին՝ Կարմիր բանակի դեմ մարտերում։
Դրանից հետո սկսվեց արագ և համակարգված հատկանիշներով տարածում։ #CivilNetCheck-ի հավաքագրած տվյալներով՝ մայիսի 5-13-ն ընկած ժամանակահատվածում Տելեգրամում արձանագրվել է այս նարատիվը վերարտադրող առնվազն 220 հրապարակում։
Հրապարակումների ժամանակագրությունը ցույց է տալիս նաև ակտիվության կտրուկ կենտրոնացում։ Տելեգրամում հրապարակումների ավելի քան 80 տոկոսը կատարվել է մայիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում, իսկ միայն մայիսի 7-ին արձանագրվել է 128 հրապարակում։
Տասնյակ ալիքներ տարածել են բառացիորեն նույնական տեքստեր՝ առանց բառային կամ կետադրական փոփոխությունների։ Որոշ դեպքերում նույն հրապարակումները ուղեկցվել են նույն տեսանյութերով, լուսանկարներով և սմայլիկներով (emoji)։
Օրինակ՝ «🤷🏻♂️Дед армянского премьера Пашиняна...» սկսվող տեքստը բառացիորեն նույն ձևով տարածվել է մի շարք ալիքներում, այդ թվում՝ «Украинский фронт», «ДОНБАСС НЕПОКОРЕННЫЙ», «Уралмашевский ватник», «Чистый Харьков» և այլ ալիքներում։ Առավել հաճախ կրկնվող տեքստային շաբլոնը Տելեգրամում հայտնվել է առնվազն 35 անգամ, իսկ Փաշինյանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համեմատող մեկ այլ նարատիվ՝ առնվազն 19 անգամ։
Արշավի հիմնական տարածման հանգույցներից մեկը դարձել է պրոկրեմլյան «ГАСПАРЯН» տելեգրամյան ալիքի (180 000 հետևորդ), որը պատկանում է ռուսաստանյան պետական քարոզչական դաշտում ակտիվ դերակատար, հաղորդավար և ՌԴ Հանրային պալատի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Գասպարյանին։ #CivilNetCheck-ի ուսումնասիրած տվյալներով՝ վերահրապարակված 93 գրառումներից 33-ի սկզբնաղբյուրը եղել է հենց այս ալիքի գրառումը։ Ամենաշատ վերահրապարակումներ ստացած առանձին հրապարակումը նույնպես պատկանել է «ГАСПАРЯН»-ին՝ հավաքելով ավելի քան 4300 վերահրապարակում։
Հաճախ վերահրապարակվող աղբյուրների թվում էր նաև ռուսաստանյան լրագրող Մարինա Ախմեդովայի տելեգրամյան գրառումը։ 99 000-ից ավելի հետևորդ ունեցող ալիքում հրապարակված տեքստը հետագայում բառացիորեն վերարտադրվել է տասնյակ այլ ալիքներում, խմբերում՝ ընդհանուր առմամբ հավաքելով շուրջ 1000 վերահրապարակում։
Հրապարակումների ժամանակագրությունը ցույց է տալիս նաև սինխրոն տարածման հստակ օրինաչափություններ։ Մայիսի 7-ին՝ ճիշտ ժամը 12:43-ին, «🤦♂️🇦🇲Пашинян — достойный внук...» սկսվող տեքստը միաժամանակ հրապարակվել է առնվազն հինգ տարբեր տելեգրամ ալիքներում և խմբերում՝ ЧП 112 | СМОТРЯЩИЙ, Опер. ЧеПэ, РУССКИЙ МЕДВЕДЬ, ОРЕЛ և ЧП | События։ Համակարգված էին ոչ միայն տեքստն ու հրապարակման ժամանակը, այլև մեդիա ձևաչափը․ բոլոր դեպքերում հրապարակումը ուղեկցվել է տեսանյութով։
Արշավին ակտիվորեն մասնակցել են նաև ռազմական բլոգերների (Z-ալիքներ) և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ փոխկապակցվող տելեգրամ ցանցերը։ Օրինակ՝ Мысли Пригожина, Павел Пригожин | ЧВК, ЖИЗНЬ ВАГНЕРА, ЧВК в Telegram, Андрей Трошев | Командир ЧВК ВАГНЕР և նմանատիպ այլ ալիքներով։
Ի դեպ, ռուսալեզու այս հրապարակումներում Փաշինյանի պապի մասին տվյալները զուտ որպես պատմական փաստ չեն ներկայացվում։ Դրանք կապվում են ՀՀ վարչապետի՝ մայիսի 9-ի զորահանդեսին Մոսկվայում չմասնակցելու որոշման հետ («Պապի համար է նեղացել», «За дедушку обиделся»), ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու Երևանում ընդունելու կամ Արևմուտքի հետ մերձենալու քաղաքականության հետ («Եվրամիության հանդեպ սերը նրա մոտ ժառանգական է», «Любовь к ЕС у него наследственная»)։
Հատկանշական է, որ 2026-ի ալիքում տարածվող հրապարակումների զգալի մասը որպես «աղբյուր» կրկին օգտագործում էր lenta.ru-ի 2020 թվականի հոդվածը, որը տարիներ շարունակ բազմիցս հերքվել է։
Telegram-ում արագ տարածումից հետո նույն նարատիվը սկսեց հայտնվել նաև ռուսական պրոկրեմլյան և քարոզչական հարթակներում։
Մայիսի 6-ին ռուս մեդիամագնատ Կոնստանտին Մալոֆեևին պատկանող «Царьград» մեդիա խումբը հրապարակեց մի քանի հոդված՝ «Փաշինյանի գաղտնիքը. ինչպես Նիկոլը մահացավ Հիտլերի համար», «Վերմախտի լեգեոները. ինչպես Նիկոլ Փաշինյանի պապը մահացավ Հիտլերի համար» վերնագրերով: «Царьград»-ը հայտնի է իր ուլտրաազգային և պրոկրեմլյան խմբագրական քաղաքականությամբ և հաճախ օգտագործվում է ռուսական քարոզչական նարատիվների տարածման համար։
Հաջորդ օրը թեմային անդրադարձ եղավ նաև ՌԴ նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ կապվող Dzen հարթակի էջում, ապա life.ru, regnum.ru և այլ ռուսական կայքերում։
Նույն ժամանակահատվածում թեման հայտնվեց նաև Ռուսաստանի պետական «Первый канал»-ի եթերում (13:53-ից), որտեղ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ցուցադրեց «արխիվային փաստաթուղթը»՝ այն ներկայացնելով որպես Փաշինյանի պապի նացիստական անցյալի ապացույց։

Մայիսի 7-ին ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը թեզն ավելի հեռուն տարավ՝ փորձելով կապ գտնել «նացիստ պապի անցյալի» և Փաշինյանի՝ «բրիտանական MI6-ի հետախուզության» հետ ունեցած ենթադրյալ կապերի միջև։
X-ում նկատվող համակարգված ակտիվության նշանները
Համաժամանակյա ակտիվության օրինաչափություններ նկատվում են նաև X-ում։
2026-ի ալիքը տարբերվում է նաև օգտահաշիվների կառուցվածքով։ Եթե 2020-ին գերակշռում էին ադրբեջանական անուններին նմանվող հաշիվները, ապա 2026-ին նկատվում են ավելի խառը և միջազգային կառուցվածքով օգտանուններ (Hawkeye1745, UniqueMongolia)։ Հատկապես նկատվում են ռուսական թեմատիկային բնորոշ անուններով օգտահաշիվների խումբ՝ AngryRus_info, RusChiefWhip, RealProstoSerge, NatasaIvanova9: Բացի այդ, առկա են խիստ նմանատիպ և կարծես արհեստականորեն գեներացված անուններով օգտատերեր, օրինակ՝ tatianyc27 (մայիսի 7-ին) և tatianycoeuvre (մայիսի 8-ին), ինչը հաճախ հանդիպում է համակարգված կամ ոչ իսկական ակտիվության դեպքերում։
Ֆեյսբուքյան տիրույթում․ ռուսական նարատիվից մինչև հայկական քաղաքական հռետորաբանություն
Ֆեյսբուքում ևս նարատիվն ակտիվորեն շրջանառվել է այս օրերին ռուսական տասնյակ օգտահաշիվների կողմից՝ տեսանյութերով, լուսանկարներով և հաճախ կրկնվող տեքստերով։ Այն տարածվել է նաև հայկական օգտահաշիվներում։

Հայկական տիրույթում հատկապես մեծ տարածում է ստացել հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ևս Փաշինյանի պապին վերագրել է «ֆաշիստների հետ համագործակցություն» և պնդել, թե նրա գործողությունների հետևանքով զոհվել են «տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Կապանցիներ»։
«Իսկ դու տեղյա՞կ ես, թե քո գյուղից կամ քաղաքից ինչքան մարդ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին և ինչքան մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյանի պապի դավաճանության ու ֆաշիստների հետ համագործակցության հետևանքով։ Պարզիր ու գրիր մեկնաբանություններում»,- գրել է Հոխիկյանը։
Այսպիսով, Telegram-ում և ռուսական մեդիայում շրջանառվող նարատիվը հետագայում տեղափոխվել է նաև Ֆեյսբուքի հայկական տիրույթ՝ արդեն ավելի հուզական և ներքաղաքական բովանդակությամբ։

Ինչ է թաքնված «փաստաթղթերի» հետևում
Որպես հիմնական «ապացույց» ներկայացվում է գերմանական Grabmeldung փաստաթուղթը, որը վերաբերում է Նիկոլ Վարդանի Փաշինյանին։

Սակայն PamyatNaroda.ru հարթակում առկա տվյալները և FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ խոսքը երկու տարբեր անձանց մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Նիկոլ Առաքելի Փաշինյանն է, որը եղել է Կարմիր բանակի սերժանտ և անհետ կորել մարտական գործողությունների ընթացքում։
Իսկ նացիստական լեգեոնի հետ կապվող փաստաթուղթը վերաբերում է Նիկոլ Վարդանի Փաշինյանին։
Ու թեև ՌԴ պաշտպանության նախարարության «Մեմորիալ» կայքում ՀՀ վարչապետի պապ Նիկոլայ Առաքելի Փաշինյանի տվյալներ չեն գտնվում, սակայն նրա անունը հիշատակվում է PamyatNaroda.ru կայքում։
Արխիվային տվյալներով՝ վարչապետի պապը եղել է բոլշևիկ, Կարմիր բանակի սերժանտ, ջոկի հրամանատար։ Նա անհետ կորել է Ուկրաինայում (Կերչ) մարտական գործողությունների ժամանակ։

Այսպիսով, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի պապի մասին թեզը մեկանգամյա ապատեղեկատվություն չէ։ 2020-ից մինչև 2026 թվականը նույն նարատիվը տարբեր փուլերում վերաակտիվացվել է ադրբեջանական օգտահաշիվներով, Telegram ալիքներով, ռուսական մեդիայով և հեռուստաեթերով։
Հրապարակումների ժամանակագրությունը, բառացիորեն նույնական տեքստերի տարածումը, սինխրոն հրապարակումները և մեդիա-փաթեթների կրկնվող օգտագործումը ցույց են տալիս համակարգված տարածման հատկանիշներ։
Միաժամանակ որպես «ապացույց» ներկայացվող արխիվային փաստաթուղթը վերաբերում է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապ Նիկոլ Առաքելի Փաշինյանին, այլ նույն անունով մեկ այլ անձի՝ Նիկոլ Վարդանի Փաշինյանին։
Այսինքն՝ նարատիվը կառուցված է երկու տարբեր անձանց նույնականացման վրա։
Հասանելի է
english
Անի Գրիգորյան
Նելլի Լազարյան
CivilNetCheck










