Գլխավոր Լրահոս

Ինչպես է ԵՄ նոր առաքելությունը դարձել տելեգրամյան ռուսալեզու կեղծիքների թիրախ

Ինչպես է ԵՄ նոր առաքելությունը դարձել տելեգրամյան ռուսալեզու կեղծիքների թիրախ

Հուլիսի 13-ին Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության՝ EUPM Armenia-ի պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ օր անց ռուսալեզու տելեգրամյան առնվազն վեց ալիք միաժամանակ շրջանառության մեջ դրեցին դրա նպատակների և լիազորությունների վերաբերյալ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։

Այս անգամ առաքելության ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուին վերագրվեցին աշխատասենյակ ԱԱԾ կենտրոնական շենքում, մասնակցություն Անվտանգության խորհրդի նիստերին և փաստացի «ուժային փոխվարչապետի» կարգավիճակ։ Այլ հրապարակումներում EUPM Armenia-ն ներկայացվում էր որպես Հայաստանի ուժային համակարգում «ներկառուցված» կառույց, որը միջամտել է ընտրություններին, պայքարել ընդդիմության դեմ և աջակցելու է տեղեկատվության գրաքննությանը։

Սրանք առաքելության շուրջ տարածվող առաջին պնդումները չեն․ ավելի վաղ դրան վերագրվել էին «արտաքին կառավարման», բանկային համակարգը վերահսկելու և ներքաղաքական գործընթացներին միջամտելու գործառույթներ։

#CivilNetCheck-ը ստուգել է նոր հրապարակումները՝ համադրելով դրանք պաշտոնական փաստաթղթերի և EUPM Armenia-ի տրամադրած պարզաբանումների հետ։

EUPM Armenia-ի ղեկավարը փաստացի «ուժային փոխվարչապետ» է 

Ереванский наблюдатель տելեգրամյան ալիքը հուլիսի 14-ին գրել էր, թե առաքելության ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն աշխատասենյակ ունի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կենտրոնական շենքում, մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստերին ու կառավարության օպերատիվ խորհրդակցություններին։ 

«Նա իր համար պահանջել է հսկայական «գեներալական» կաբինետ և ևս կես հարկ Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքում։ Նա ոտքով բացում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դուռը, ներկա է լինում Անվտանգության խորհրդի նիստերին (ռեֆերենտի և թարգմանչի հետ), կառավարության օպերատիվ խորհրդակցություններին։ Մի խոսքով՝ պատրաստի «ուժային» փոխվարչապետ»»,- պնդել էր ալիքը։

Ереванский наблюдатель տելեգրամյան ալիքի գրառումը
Ереванский наблюдатель տելեգրամյան ալիքի գրառումը

EUPM Armenia-ն #CivilNetCheck-ի գրավոր հարցմանն ի պատասխան ամբողջությամբ հերքել է ԱԱԾ-ում աշխատասենյակի և փակ նիստերին մասնակցության վերաբերյալ պնդումները։

«Առաքելությունը չի գործում Հայաստանի անվտանգության կամ իրավապահ մարմինների կազմում, այլ համագործակցում է պետական կառույցների հետ բացառապես խորհրդատվական և կարողությունների զարգացման աջակցության ձևաչափով։ Առաքելությունը գործելու է Հայաստանի օրենսդրության ու ինքնիշխանության լիակատար հարգմամբ»,- նշված է պատասխանում։ 

Առաքելությունից նաև հերքել են այն պնդումը, թե Դինեսկուն աշխատասենյակ ունի ԱԱԾ շենքում. «EUPM-ն այնտեղ գրասենյակ չունի։ Ավելին, ներկայումս Երևանում առաքելության համար առանձին գրասենյակային տարածք է որոնվում։ EUPM-ն անկախ առաքելություն է և կունենա իր սեփական տարածքը»։ 

EUPM Armenia-ն հերքել է նաև այն պնդումը, թե Դինեսկուն մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստերին կամ կառավարության այլ փակ խորհրդակցություններին։ 

Ավելին, Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած ժամանակագրությամբ՝ վերջին ԱԽ նիստը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Դինեսկուի՝ հունիսի 10-ին EUPM Armenia-ի ղեկավար նշանակվելուց հետո Անվտանգության խորհրդի որևէ նոր նիստի մասին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։ Հետևաբար, նրա՝ ԱԽ նիստերին մասնակցելու մասին պնդումը չի հաստատվում նաև հրապարակային ժամանակագրությամբ։

EUPM Armenia-ից հստակեցնում են, որ առաքելության ղեկավարը չունի որոշումներ կայացնելու, պետական մարմիններին հանձնարարականներ տալու կամ նրանց աշխատանքը համակարգելու լիազորություն։ Դինեսկուի դերը սահմանափակվում է առաքելության խորհրդատվական աշխատանքների կազմակերպմամբ և ներկայացուցչական գործառույթներով։

Ընդդիմությանը «ջախջախելու» մեղադրանքը՝ այլ առաքելությանը վերագրված գործողություններով

Մեկ այլ՝ Товарищ генерал ալիքն էլ պնդել է, թե EUPM Armenia-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արդեն «ցույց է տվել իր մարտական բնույթը»։ Ըստ ալիքի՝ ԵՄ մասնագետների աջակցությամբ իշխանություններն ու նրանց «խոսափողները» տարածել են Ռուսաստանի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մասին «սարսափազդու պատմություններ», պայքարել ընդդիմության դեմ և շրջանառել իշխանություններին ձեռնտու կեղծ բացահայտումներ։

Սակայն 2026-ի հունիսյան ընտրությունների ժամանակ EUPM Armenia-ն դեռ չէր գործարկվել։ ԵՄ Խորհուրդը առաքելությունը պաշտոնապես ստեղծել էր ապրիլի 21-ին, սակայն դրա գործունեության մեկնարկը հայտարարվել է միայն հուլիսի 13-ին՝ ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց։

Ընտրություններից առաջ Հայաստանում աշխատել է ԵՄ Հիբրիդային արագ արձագանքման թիմը (Hybrid Rapid Response Team)։ Դրա տեղակայման մասին Կայա Կալասը հայտարարել էր որպես Հայաստանի դիմումի հիման վրա տրամադրվող կարճաժամկետ աջակցություն՝ ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։ Այն EUPM Armenia-ից առանձին նախաձեռնություն էր:

Տելեգրամյան հրապարակումը երկու տարբեր նախաձեռնությունները միավորում է՝ ընտրություններից առաջ գործած կարճաժամկետ թիմի ներկայությունը վերագրելով հուլիսի 13-ին գործարկված EUPM Armenia-ին։

Միաժամանակ, հրապարակումը որևէ կոնկրետ փաստ, փաստաթուղթ կամ գործողություն չի ներկայացնում, որը կհաստատեր, թե ընտրություններից առաջ Հայաստան ժամանած թիմը կամ EUPM Armenia-ն մասնակցել են ընդդիմության դեմ պայքարին կամ տեղեկատվական գործողություններ են կազմակերպել։

Կայա Կալասին վերագրվել են չասված խոսքեր

Ռուսալեզու «Банкста» տելեգրամյան ալիքը, հղում անելով ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությանը, գրել էր, թե ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը «հաստատել է, որ ԵՄ գլխավոր խնդիրը երկրների միջև կապը խզելն է»։ 

«Նա (Կայա Կալասը-խմբ.) նաև հայտարարել է, թե ԵՄ-ն հայերին ասելու է՝ ինչ տեղեկատվություն գրաքննել՝ «ապատեղեկատվության դեմ պայքարի» պահանջները պահպանելու համար»,- գրել է ալիքը։ 

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԵՄ Խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ նման ձևակերպումներ առհասարակ չկան։ 

«Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրեց Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ օգնելու դիմակայել Ռուսաստանի ճնշմանը։ Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելությունը։ ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի հակազդման գործում։ ԵՄ-ն դիմակայուն և անկախ Հայաստանի ու հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքի ամենամեծ աջակիցն է։ Մենք կապահովենք, որ Հայաստանը միայնակ չմնա արտաքին հարկադրանքի դիմաց»,- հայտարարել էր Կալասը։

Պաշտոնական տեքստում որևէ խոսք չկա լրատվամիջոցների վերահսկման, տեղեկատվության արգելափակման կամ գրաքննության մասին։ Կալասը նաև չի հայտարարել, որ ԵՄ-ի նպատակը երկրների միջև կապերը խզելն է։

Банкста-ն ապատեղեկատվության դեմ պայքարի խորհրդատվական աջակցությունը ներկայացրել է որպես գրաքննություն, իսկ արտաքին ճնշմանն ու հարկադրանքին դիմակայելու մասին ձևակերպումը՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը խզելու նպատակ։

Այսպիսով, Կալասին վերագրված՝ տեղեկատվությունը գրաքննելու և երկրների միջև կապերը խզելու մասին ձևակերպումները հորինված են և պաշտոնական հայտարարության մեջ չկան։

«Արտաքին կառավարումից» մինչև «ուժային փոխվարչապետ»

EUPM Armenia-ի շուրջ տարածվող պնդումները մեկ առանձին դեպք չեն։ Առաքելության ստեղծումից հետո այն ներկայացվում էր որպես Հայաստանի «արտաքին կառավարման» և ներքաղաքական գործընթացներին միջամտելու գործիք, իսկ մանդատում հիշատակված՝ ապօրինի ֆինանսական հոսքերին հակազդելու խորհրդատվական աջակցությունը՝ որպես բանկային համակարգը վերահսկելու հնարավորություն։

#CivilNetCheck-ն ավելի վաղ ցույց էր տվել, որ առաքելության մանդատը բանկային վերահսկողության կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին հասանելիության լիազորություն չի տալիս։

Տես՝ EUPM Armenia-ի մանդատից՝ «արտաքին կառավարում». ինչպես են խեղաթյուրվում ԵՄ նոր առաքելության լիազորությունները։

Այսպիսով, EUPM Armenia-ն շարունակում է մնալ պարբերաբար ակտիվացող տեղեկատվական թիրախավորման ներքո։ Առաքելության գործունեության յուրաքանչյուր նոր փուլ ուղեկցվում է նոր՝ անհիմն, մոլորեցնող և երբեմն բացահայտ աբսուրդային պնդումներով։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում