EUPM Armenia-ի մանդատից՝ «արտաքին կառավարում». ինչպես են խեղաթյուրվում ԵՄ նոր առաքելության լիազորությունները

Եվրոպական միության գործընկերության առաքելության՝ EUPM Armenia-ի Հայաստանում տեղակայման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն դրա շուրջ արդեն շրջանառվում են պնդումներ, որոնք առաքելությանը վերագրում են պաշտոնական մանդատում չնշված գործառույթներ։
Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ նախկինում ևս տարածվել են պնդումներ, թե ԵՄ կառույցները կարող են միջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին կամ սահմանափակել երկրի ինքնիշխանությունը։ Նման թեզեր շրջանառվել են, մասնավորապես, ԵՄ դիտորդական առաքելության և ընտրություններին վերաբերող արագ արձագանքման խմբի նախաձեռնության դեպքում։ Այժմ նմանատիպ պնդումներ տարածվում են նաև 2026-նի ապրիլին ստեղծված ԵՄ գործընկերության նոր քաղաքացիական առաքելության՝ EUPM Armenia-ի շուրջ։
Տարածվող պնդումները
Ռուսալեզու մեդիայում և սոցցանցերում առաքելությունը ներկայացվում է որպես «Ռուսաստանի դեմ հիբրիդային ազդեցության հարթակ», «արտաքին կառավարման գործիք», «Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու մեխանիզմ» կամ «բանկային համակարգի նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոց»։
«Առաջին հայացքից սա տեխնիկական և անվնաս է հնչում։ Սակայն արևմտյան համակարգողների բառապաշարում «անօրինական ֆինանսական հոսքեր» ձևակերպումն ավանդաբար նշանակում է մեկ բան՝ մուտք երկրի բանկային համակարգ և Բրյուսելի գլխավոր գծին հակասող տնտեսական գործարքների վրա ազդելու հնարավորություն»,- նշված է ռուսալեզու տելեգրամյան ալիքիցներից մեկում։
Մինչդեռ, այս պնդման մեջ մանդատի ձևակերպումը ներկայացվում է կրճատված և ընդհանրացված տեսքով։ Ռուսերեն հրապարակման մեջ հիշատակվում է միայն «անօրինական ֆինանսական հոսքերին հակազդելը», մինչդեռ ԵՄ խորհրդի որոշման մեջ խոսքը վերաբերում է ընտրական և քաղաքական համատեքստում անօրինական ֆինանսական հոսքերին։ Բացի այդ, այս ձևակերպումը վերաբերում է պետական քաղաքականությունների մշակմանը և խորհրդատվությանը, այլ ոչ թե ֆինանսական վերահսկողությանը, քանի որ ողջ փաստաթուղթը կառուցված է կարողությունների զարգացման շուրջ։
Ի՞նչ է նախատեսում EUPM Armenia-ի մանդատը
Եվրոպական միության գործընկերության առաքելությունը՝ EUPM Armenia-ն, ստեղծվել է Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա՝ երկրի դիմակայունության և ճգնաժամերի կառավարման կարողությունների ամրապնդման նպատակով։ ԵՄ խորհուրդը դրա ստեղծման մասին որոշումն ընդունել է 2026-ի ապրիլի 21-ին՝ նախնական երկամյա մանդատով։
Առաքելության մանդատը սահմանված է ԵՄ խորհրդի Council Decision (CFSP) 2026/894 որոշմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ EUPM Armenia-ն քաղաքացիական, ոչ գործադիր և խորհրդատվական առաքելություն է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետական մարմինների կարողությունների ամրապնդումն է հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։
Որոշման 2-րդ հոդվածի համաձայն՝ առաքելությունն աջակցում է անվտանգության ոլորտի պատասխանատու մարմիններին ռազմավարական խորհրդատվության և օպերատիվ մակարդակի աջակցության միջոցով։ Դրա գործունեությունը ներառում է խորհրդատվություն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ռազմավարությունների, քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման հարցում՝ ներառյալ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռսպառնալիքների, ինչպես նաև ընտրական և քաղաքական համատեքստում անօրինական ֆինանսական հոսքերի կանխարգելման ուղղությունները։
Միաժամանակ, մանդատում առաքելությանը իրավապահ, գործադիր կամ վերահսկողական գործառույթներ չեն վերապահվում։ Դրա դերը սահմանվում է որպես ռազմավարական խորհրդատվություն և օպերատիվ մակարդակի աջակցություն՝ Հայաստանի պետական մարմինների կարողությունների զարգացման ուղղությամբ։
Ի՞նչ է ասում արտաքին գործերի նախարարությունը
#CivilNetCheck-ը ԱԳՆ-ից հետաքրքրվել էր, թե «կոնկրետ ինչ գործիքակազմով և ինչ բնույթի աշխատանք» է ենթադրում ընտրական և քաղաքական համատեքստում ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ աջակցությունը, ինչին ի պատասխան նախարարությունից նշել են. «Առաքելության գործունեությունը կրում է խորհրդատվական բնույթ»։
Նախարարությունը նաև ընդգծել է. «Առաքելությունը, ինչպես Հայաստանում տեղակայված ցանկացած այլ միջազգային առաքելություն, իր գործունեությունը պետք է ծավալի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և օրենսդրության անվերապահ հարգման սկզբունքի հիման վրա»։Իսկ պետական մարմինների հետ առաքելության համագործակցության իրավական սահմանները, ըստ ԱԳՆ-ի, «կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ»։
Ի՞նչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը
«Բանկային գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է, որ բանկի հաճախորդի հաշիվների, նրա հանձնարարությամբ կամ հօգուտ նրա կատարված գործառնությունների, ինչպես նաև հաճախորդի վերաբերյալ բանկին հայտնի դարձած այլ գաղտնի տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք։
Նույն օրենքով բանկային գաղտնիքի հրապարակումն արգելվում է, իսկ դրա տրամադրումը հնարավոր է միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով։ Օրենքը առանձին հոդվածներով սահմանում է, թե որ մարմիններն ու սուբյեկտները կարող են ստանալ նման տեղեկություններ․ դրանց թվում են, օրինակ, դատարանները, քրեական հետապնդում իրականացնող մարմինները, հարկային և մաքսային մարմինները, Կենտրոնական բանկը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը և օրենքով նախատեսված այլ սուբյեկտներ։
Օտարերկրյա քաղաքացիական առաքելություններին նման լիազորություն օրենքը չի վերապահում։ Հետևաբար, գործող իրավական կարգավորումների պայմաններում EUPM Armenia-ն չի կարող մուտք ունենալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին՝ առանց առանձին օրենքով նախատեսված իրավական հիմքի։
Նման պնդումներ նախկինում ևս շրջանառվել են
EUPM Armenia-ի շուրջ տարածվող պնդումները եզակի չեն։ Վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն համագործակցության այլ նախաձեռնությունների դեպքում ևս շրջանառվել են թեզեր, որոնք առաքելություններին վերագրել են պաշտոնական մանդատներում չնախատեսված գործառույթներ։

2023-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) մեկնարկից հետո ռուսական և ադրբեջանական հարթակներում տարածվում էին պնդումներ, թե առաքելությունը կարող է վերածվել ռազմական կամ ՆԱՏՕ-ական բազայի, զբաղվել լրտեսությամբ կամ խոչընդոտել հայ-ադրբեջանական կարգավորմանը։
Տես՝ ԱՄՆ-ը Հայաստանում ԵՄ առաքելությանը չի մասնակցում. Լավրովը սխալվում է
Մինչդեռ, EUMA-ն, փաստացի, լիովին պահպանեց իր բացառապես քաղաքացիական և անզեն կարգավիճակը, լրտեսության մասին հայտարարությունները փաստացի մնացին առանց ապացույցի։ Առաքելությունը շարունակեց իրականացնել դիտորդական գործառույթներ և արձանագրել սահմանային միջադեպերը՝ իր իրավասությունների շրջանակում։
Նմանատիպ պնդումներ տարածվեցին նաև 2026-ի մարտին, երբ հայտարարվեց ընտրություններին ընդառաջ ԵՄ հիբրիդային արագ արձագանքման խմբի (Rapid Response Team) Հայաստան ժամանելու մասին։ Այդ ժամանակ շրջանառվում էին թեզեր, թե խումբը «մոլդովական սցենարով» կարող է միջամտել Հայաստանի ընտրություններին՝ աջակցելով իշխանություններին ընդդիմադիր կամ պրոռուսական ուժերի մասնակցությունը սահմանափակելու, նրանց դեմ վարչական կամ իրավական գործիքներ կիրառելու, ինչպես նաև տեղեկատվական դաշտը վերահսկելու հարցում։ Այս սցենարն էլ իրականություն չդարձավ։
Այսպիսով, EUPM Armenia-ի շուրջ տարածվող պնդումները խեղաթյուրում են առաքելության մանդատի բովանդակությունը՝ խորհրդատվական և կարողությունների զարգացման գործառույթները ներկայացնելով որպես վերահսկողական կամ միջամտության մեխանիզմ։ Պաշտոնական փաստաթղթերը, ԱԳՆ պարզաբանումներն ու գործող օրենսդրությունը նման մեկնաբանությունները չեն հաստատում։
Կազմակերպություն
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
CivilNetCheck









