Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղը գրել էր, որ իր «բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ գազի գնի վերանայման հարցը կրկին օրակարգում է»։
Նշվում էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է։
«Սակայն, դատելով «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկություններից, անգամ Ռուսաստանի նկատմամբ «ակնածալից» քաղաքականությունը չի երաշխավորում, որ գազի գնի հարցում Երևանը կկարողանա խուսափել նոր թանկացումից։ Առաջիկայում գազի սակագնի բարձրացման հայտը կստանա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մեզ տեղեկություններ հասան, որ «Գազպրոմ Արմենիան» ՌԴ-ից ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն»,- նշվում է հոդվածում։
Օրաթերթը գրել էր նաև, որ պաշտոնական մեկնաբանություններ ստանալ չէր հաջողվել։












