Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով։ Հաստատվել է աշխատանքային խմբի կազմը։
Որոշումը կայացվել է հոկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։
Ստեղծված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված եռամսյա ժամկետում գտնել առկա խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը։
Աշխատանքային խումբը կգլխավորի ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Հայկական կողմից աշխատանքային խմբում են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը,
Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը,
ՏԿԵՆ երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը,
Ռուսական կողմից՝
ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն (համաձայնությամբ),
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վլաչեսլավ Պավլովսկին,
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Անտոն Կոզլովը (համաձայնությամբ),
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկոը (համաձայնությամբ):
Վարչապետը հոկտեմբերի 15-ին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված աշխատանքային խումբը պետք է պատասխանի՝ արդյոք ռուսական կողմը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանի երկաթուղու վրա։
Հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը քննարկել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։
Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին։
Նա նշել էր, որ համապատասխան որոշումները Ռուսաստանի նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին, և այժմ մոսկովյան կողմը սպասում է հայկական կողմի արձագանքին՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը։
2025-ի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ռուսական կողմին՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման ընկած երկաթուղային հատվածների հնարավորինս շուտափույթ վերականգնման խնդրանքով։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ վերականգնման հետ կապված դժվարությունների դեպքում Հայաստանը պատրաստ է ռուսական կոնցեսիայից հետ վերցնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթգծի հատվածները։
2026-ի հուլիսին վարչապետը չէր բացառել նաև միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել ըստ նպատակահարմարության։
Անդրադառնալով այդ հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է լիարժեքորեն կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալելու իրականացված ներդրումների վերադարձ։ Ըստ Բելոզյորովի՝ 2008-ից 2025-ին ընկերության միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից կատարված ներդրումները կազմել են շուրջ 396 մլն դոլար, որոնցից շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։












