Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել

Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը քննարկել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։

«Այս առումով, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։

Օլեգ Բելոզյորովը Sputnik Արմենիային հայտնել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կոնցեսիայի պահպանման կամ չպահպանման հարց դրված չի եղել։

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին։

Նա նշել էր, որ համապատասխան որոշումները Ռուսաստանի նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին, և այժմ մոսկովյան կողմը սպասում է հայկական կողմի արձագանքին՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը։

2025-ի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ռուսական կողմին՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման ընկած երկաթուղային հատվածների հնարավորինս շուտափույթ վերականգնման խնդրանքով։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ վերականգնման հետ կապված դժվարությունների դեպքում Հայաստանը պատրաստ է ռուսական կոնցեսիայից հետ վերցնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթգծի հատվածները։

2026-ի հուլիսին վարչապետը չէր բացառել նաև միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել ըստ նպատակահարմարության։

Անդրադառնալով այդ հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է լիարժեքորեն կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալելու իրականացված ներդրումների վերադարձ։ Ըստ Բելոզյորովի՝ 2008-ից 2025-ին ընկերության միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից կատարված ներդրումները կազմել են շուրջ 396 մլն դոլար, որոնցից շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում