Գլխավոր Լրահոս

Հայաստանում գործարկման համար ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների 4 տեխնոլոգիաներ են առանձնացվել

Հայաստանում գործարկման համար ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների 4 տեխնոլոգիաներ են առանձնացվել

Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։ 

Դեսպանատնից հայտնում են, որ «Սարջենթ և Լունդի»  ընկերությունը Հայաստանում ավարտին է հասցրել ՀԱԷԿ-ը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։

«ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-ից 22-ը Հայաստանում էին «Սարջենթ և Լունդի»  ընկերության փորձագետները՝ ապահովելու շարունակական տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։ «Սարջենթ և Լունդի»  ընկերությունը, աշխատելով ՀՀ պաշտոնյաների հետ, ավարտին է հասցրել ՀԱԷԿ-ը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Ամերիկյան ընկերության դիտարկմամբ՝ ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման ամենաբարձր ստանդարտները, դիտարկվել են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելուց հետո փոխարինող կարողություններ ձևավորելու տարբերակները, տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է ԱԷՄԳ-ի լավագույն փորձի հետ:

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ատոմակայանի մոդելի ընտրության հարցում  քաղաքական ընտրություն չի արվելու, հարցը տնտեսական է։ 

Հարցի շուրջ աշխատանքներ են տարվում  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ։

Մոդուլային ատոմակայանները բաղկացած են համեմատաբար փոքր հզորությամբ ռեակտորներից (սովորաբար մինչև 300 մեգավատ), որոնք արտադրվում են գործարանային պայմաններում և պատրաստ վիճակում տեղափոխվում տեղակայման վայր։ Սա թույլ է տալիս կրճատել կառուցման ժամկետներն ու ծախսերը, ինչպես նաև նվազեցնել շինարարական ռիսկերը։ Այսպիսի կայանների հիմնական առավելություններից է անվտանգության բարձր մակարդակը։

Հարավային Կովկասում միակ՝ Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ) շահագործման է հանձնվել 1976-ին։ 1988-ի երկրաշարժից հետո դրա շահագործումը դադարեցվեց, էներգաբլոկներից մեկը՝ կոնսերվացվեց։ 1990-ականների երկրորդ կեսին շահագործվեց ՀԱԷԿ-ի մեկ էներգաբլոկը՝ 400 Մվտ հզորությամբ, որի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում