«Ռոսսելխոզնադզորը» խնդիրներ է արձանագրում Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև մրգերի ու բանջարեղենի մատակարարումների հետ կապված։ Այս մասին Վեստիին հայտնել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
«Խնդիրն այն է, որ մեզ մոտ խնդրահարույց են ոչ միայն ծաղիկները։ Խնդիրներ են առաջանում նաև մրգերի և բանջարեղենի հետ»,- նշել է նա։
Դանկվերտի պարզաբանմամբ՝ այժմ աշխատանք է տարվում երաշխիքների կատարման հստակեցման ուղղությամբ։
ՄԱԿ-ի տվյալների բազայի համաձայն՝ 2024-ին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 53 մլն դոլարի միրգ և 74 մլն դոլարի բանջարեղեն։ 2025-ի մայիս-նոյեմբեր ամիսներին մրգերի մատակարարումները կազմել են մոտ 47 մլն դոլար, իսկ բանջարեղենինը՝ շուրջ 60 մլն դոլար։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել էր Հայաստանից ծաղկային արտադրանքի ներկրումը Ռուսաստան։ Այս միջոցառումն ուժի մեջ է մտել մայիսի 22-ից։ Այն վերաբերում է հայկական ծագման և Հայաստանից առաքվող արտադրանքին ու գործելու է «մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը»։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցության և արտահանման ներուժի պաշտպանության նպատակով։ Ըստ հաղորդագրության՝ Հայաստանից ներմուծված 96 մլն միավոր ծաղկային արտադրանքի մեջ հայտնաբերվել է ԵԱՏՄ-ում կարանտինի ենթակա 135 օբյեկտ, ինչը կազմում է ողջ 2025-ի ընթացքում արձանագրված հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը։ Բացի այդ, 2026-ի սկզբից ի վեր Ռուսաստան է մատակարարվել 16 հազար տոննա հայկական բուսական ծագման արտադրանք, որոնցում արձանագրվել է կարանտինային օբյեկտներով վարակվածության 146 դեպք։












