Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։ Այս մասին հայտնեց Թևանյանը՝ ԿԸՀ-ի բակում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարի դեմ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին քրեական վարույթ է նախաձեռնել՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Դատախազությունը մայիսի 22-ին միջնորդություն է ներկայացել ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու համար։
«Չայած գործն ամբողջությամբ ջուր էր, համարվեց, որ Քննչական կոմիտեի ներկայացվածը համապատասխանում է իրականությանը և համաձայնությունը տրվեց միաձայն․ 7 անդամն էլ կողմ քվեարկեցին»,- ԿԸՀ–ի մոտ ասաց Թևանյանը։
Նա նշեց, որ այս որոշումից հետո դատախազությունն անմիջապես ներկայացրել է հաջորդ միջնորդությունը` խափանման միջոցի փոփոխություն մասին։
․․․
ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վաղը, այսինքն մայիսի 21-ին ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե և ինքն ակնկալում է, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի «հայրենիքի դավաճանության» հոդվածով։ Հաջորդ օրն ԱԱԾ-ն դիմեց ու ՔԿ-ն էլ քրեական գործ հարուցեց։
Նշվում է, որ, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, Թևանյանը գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններին։ Անդրանիկ Թևանյանը մեղադրանքը չի ընդունում։











