Ռուսաստանում կասեցվել է հայկական ալկոհոլային որոշ խմիչքների վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական ալկոհոլային մի քանի խմիչքի վաճառքը։ Այս մասին նշված է գերատեսչության կայքում։
Անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրատեսակներ, որոնք արտադրվել են «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ-ի կողմից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրատեսակների իրացումը կանխելու նպատակով առևտրային ձեռնարկություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն արտադրատեսակների իրացման կասեցման և ոչ որակյալ ալկոհոլային արտադրատեսակների շրջանառությունից հանելու մասին։
Բացի այդ, մայիսի 22-ից սկսած ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանվել՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված հանքային ջրի վրա՝ Ռուսաստանում ներմուծումն ու շրջանառությունը կասեցնելու համար։
Արտադրանքը չի համապատասխանել պիտակի վրա տրամադրված տեղեկատվությանը։ Ջրում հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն։
Սա առաջին դեպքը չէ, երբ «Ռոսպոտրեբնադզորը» սահմանափակումներ է սահմանում Ջերմուկի ջրի վրա։ Ապրիլի վերջին արգելվել էր 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի փետրվարի 17-ը արտադրված ջրի ներմուծումն ու վաճառքը։
Վերջին օրերին «Ռոսսելխոզնադզորը» խնդիրներ է արձանագրում Հայաստանից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումների հետ կապված։ Մայիսի 21-ին Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ «Ռոսսելխոզնադզորից» մասնագետներ են եկել Հայաստան և այժմ ուսումնասիրություններ են անցկացնում այն ընկերություններում, որոնց համար արտահանման արգելք է դրվել։
Տեղադրություն











