Ռուսաստանցիները փողերը հանում են բանկերից, կանխիկի պահանջարկը կտրուկ աճել է. The Moscow Times

Ռուսաստանում բնակչությունն ու բիզնեսը սկսել են ավելի մեծ ծավալով կանխիկ գումար պահել․ 2026-ի սկզբից կանխիկի ծավալն ավելացել է 2.1 տրլն ռուբլով՝ մոտ 25.3 մլրդ դոլարով։ Սա Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո արձանագրված ամենամեծ աճն է, գրում է The Moscow Times-ը։
«Սբերբանկի» կանխատեսմամբ՝ ամբողջ 2026-ի ընթացքում շրջանառության մեջ կանխիկի ծավալը կարող է աճել շուրջ 3.8 տրլն ռուբլով՝ 45.8 մլրդ դոլարով, ինչը ռեկորդային տարեկան աճ կլինի։
The Moscow Times-ը կանխիկի պահանջարկի աճը կապում է մի քանի գործոնի հետ։ Դրանցից առաջինը կապի և ինտերնետի խափանումներն են։ Փետրվարից ռուսական իշխանությունները պարբերաբար խլացնում են բջջային կապը՝ ուկրաինական անօդաչուների գործողություններին հակազդելու նպատակով։ Արդյունքում որոշ քաղաքներում ժամանակավորապես չեն աշխատել քարտային վճարումները և բջջային բանկային հավելվածները։
«Երբ գարնանը ամբողջ քաղաքում ինտերնետն անջատեցին, քարտերը պարզապես չէին աշխատում։ Կանխիկը մթերք կամ ծառայություններ գնելու միակ տարբերակն էր»,- The Moscow Times-ին ասել է Մոսկվայի մի բնակիչ։
Մյուս գործոնը բնակչության անհանգստությունն է բանկային խնայողությունների ապագայի շուրջ։ Հունիսին Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարեց, որ ռուսաստանցիների բանկային ավանդներում պահվող 67 տրլն ռուբլին «հարստացնում է բանկիրներին» և կարող էր օգտագործվել արտադրության կամ պատերազմի կարիքների համար։ Բանկային ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ նման հայտարարությունները ևս մարդկանց դրդում են գումարի մի մասը կանխիկ պահել։
Ավելացել են նաև նոր զորահավաքի մասին լուրերը։ Ռուսաստանից հեռանալու տարբերակ դիտարկողները կանխիկի կարիք ունեն նաև այն պատճառով, որ ռուսական բանկային քարտերը արտերկրում հիմնականում չեն գործում, և մեկնելուց առաջ անհրաժեշտ է ռուբլին փոխանակել դոլարի կամ եվրոյի։
Բիզնեսը կանխիկի է անցնում նաև հարկերից խուսափելու համար
Կանխիկի աճի մեկ այլ պատճառ բիզնեսի վարքագիծն է։ 2026-ի հունվարին Ռուսաստանում ԱԱՀ-ն 20%-ից բարձրացվեց 22%, միաժամանակ նվազեց այն եկամտային շեմը, որից սկսած ընկերությունները պարտավոր են վճարել ԱԱՀ։
The Moscow Times-ի զրուցակիցների խոսքով՝ փոքր խանութները, սրճարանները, վերանորոգման ծառայություններ մատուցողները և հյուրանոցները հաճախ հաճախորդներին առաջարկում են կանխիկ վճարել՝ երբեմն դրա դիմաց փոքր զեղչ տրամադրելով։
«Սբերբանկի» ֆինանսական տնօրեն Տարաս Սկվորցովի խոսքով՝ բանկային համակարգից կանխիկի արտահոսքի հիմնական պատճառներից մեկը ընկերությունների կողմից այն «գորշ շուկայում» շրջանառության մեջ պահելն է։ Ռուսաստանի ոչ ֆորմալ տնտեսությունն արդեն գնահատվում է ՀՆԱ-ի շուրջ 11%-ի չափով, իսկ 2026-ի առաջին կիսամյակում հարկային իրավախախտումների թիվն աճել է 17%-ով։
Այդուհանդերձ, տնտեսագետները դեռևս խուճապային իրավիճակ չեն տեսնում։ Հունվար-հուլիսին կանխիկի ծավալն աճել է 11.7%-ով՝ գրեթե նույնքան, որքան 2023-ին, բայց զգալիորեն ավելի քիչ, քան COVID-19-ի ժամանակ արձանագրված 22.4% աճը։
Կանխիկը շարունակում է կազմել Ռուսաստանի ընդհանուր դրամական զանգվածի մոտ 15%-ը։ Գերմանական Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի տնտեսագետ Յանիս Կլուգեի գնահատմամբ՝ ռուսաստանցիները ոչ այնքան զանգվածաբար դատարկում են հաշիվները, որքան նախընտրում են իրենց գումարը պահել հեշտ հասանելի ձևով։
Նրա խոսքով՝ հիմնական պատճառներից է նաև տոկոսադրույքների նվազումը։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը հասցրել է 14%-ի՝ մեկ տարի առաջվա 18%-ից, ինչի հետևանքով ավանդների գրավչությունը նվազել է։











