Ռուսաստանը Հայաստանին արտոնյալի փոխարեն շուկայական գնով գազ կվաճառի, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանը համարվում է էներգառեսուրսների հիմնական և հուսալի մատակարարն իր գործընկերների համար, սակայն Կրեմլը հստակեցնում է, որ գործող գնային զիջումները պայմանավորված են բացառապես դաշնակցային հարաբերություններով և ԵԱՏՄ ինտեգրացիայով:
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ ռուսական գազի, ռուսական էներգակիրների համար գոյություն ունի չափազանց գրավիչ, ավելի քան արտոնյալ գին։ Դա իսկապես այդպես է՝ Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների համար, և հատկապես՝ մեր մերձավոր դաշնակիցների ու գործընկերների համար»,- ընդգծել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ պայմանները կփոխվեն, եթե Հայաստանն ընտրի այլ տնտեսական բլոկներ, ինչպիսին Եվրամիությունն է։
«Նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար․ դա իհարկե, Եվրամիությունն է։ Այնտեղ գների կատեգորիան արդեն բոլորովին այլ է՝ այն շուկայական է։ Սա շատ լավ հայտնի է Երևանի մեր ընկերներին»,- նշել է խոսնակը։
Թեև Կրեմլը տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը համարում է «բաց», Պեսկովը հիշեցրել է Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած վերջին հայտարարությունը։ Ըստ Պեսկովի՝ Փաշինյանն «ասել է, որ Հայաստանը լիարժեք ծավալով մնում է ԵԱՏՄ անդամ, բայց դրա հետ մեկտեղ զարգացնում է իր հարաբերությունները նաև իր արտաքին քաղաքականության այլ վեկտորներում, մասնավորապես՝ Եվրոպայի հետ»։
***
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։











