Գլխավոր Լրահոս

«Զրոյական կետից չենք սկսելու». Քոչարյանն առաջարկում է խաղաղության պայմանագիրը համալրել երաշխիքներով

«Զրոյական կետից չենք սկսելու». Քոչարյանն առաջարկում է խաղաղության պայմանագիրը համալրել երաշխիքներով

«Հայաստան» դաշինքն իշխանության գալու դեպքում չի չեղարկի Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը, այլ կպահանջի այն լրամշակել անվտանգության միջազգային երաշխիքներ սահմանող հավելվածներով։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ին նախընտրական քարոզարշավին՝ ճեպազրույցի ժամանակ։  

«Մենք չենք ասել, որ գալու ենք այդ նախաստորագրված փաստաթուղթը ճղելու ենք, չենք գցելու զիբիլանոցը,  զրոյական կետից չենք սկսելու: Մենք ասել ենք, որ սխալ է արել, որ գնացել ստորագրել է այս վիճակում, բայց այնուամենայնիվ, քանի որ սա կա, մենք պետք է համալրենք առնվազն մեկ-երկու հավելվածով՝ երաշխիքային համակարգը ձևավորելու մասին։ Սա նշանակում է՝ մենք ավելացնում ենք, ուժեղացնում ենք, բերում ենք երաշխիքային համակարգ, որ խաղաղությունը լինի հարատև և կայուն և երաշխավորված, և սրա հետ միասին չենք սկսում զրոյական կետից»,- ասել է Քոչարյանը։

Անդրադառնալով անվտանգության նոր ճարտարապետությանը՝ վարչապետի թեկնածուն ընդգծել է խախտողի համար հստակ հետևանքներ սահմանող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության և գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի՝ որպես երաշխավոր երկրների ներգրավման կարևորությունը։ Նա մեղադրել է Հայաստանի գործող ղեկավարությանը նման օրակարգ առաջ չքաշելու և Ադրբեջանի դիրքորոշմանը զիջելու մեջ՝ նշելով, որ պաշտոնական Երևանը պետական շահերը ստորադասել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լուսանկարվելու հնարավորությանը:

«Չի կարող լինել խաղաղության պայմանագիր առանց երաշխիքային համակարգի... Ալիևին դա պետք չի, որովհետև ինքը ուժեղ կողմն է այս պարագայում: Հայաստանը այդ հարցը չի էլ բարձրացրել: Արդեն ուրախ էր, որ գնաց Վաշինգտոն, նկարվեց նախագահ Թրամփի հետ, և այդ մեկ ֆոտոնկարի դիմաց ինքը ուղղակի վաճառեց Հայաստանի շահը»,- նշել է Քոչարյանը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան սպասվող այցը Քոչարյանը որակել է որպես միջամտություն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ի նպաստ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի։ Ըստ քաղաքական գործչի՝ Վաշինգտոնը Հայաստանում էական շահեր չունի, իսկ նրա հիմնական նպատակներն են հսկողություն սահմանել հայ-իրանական սահմանի նկատմամբ և տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի դիրքերը՝ փորձելով վերջինիս փոխարինել Թուրքիայով։

«Իմ տպավորությամբ՝ պետքարտուղարի այցը Հայաստան՝  նախընտրական այս քարոզարշավի մի մասն է։ Ենթադրում եմ, որ այսպես վիզ դրած ուզում են անել ամեն ինչ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյաննայս ընտրությունները չկորցնի... Եվ ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները էական շահեր ունեն Հայաստանում։ Շահը մեկն է՝ Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնել, դա հասկանալի է, և երկրորդը՝ ցավացնել Ռուսաստանին, հնարավորինս անել ամեն ինչ, որ Ռուսաստանին այս տարածաշրջանում փոխարինի Թուրքիան»,- ասել է Քոչարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում