Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գլխավորած կառավարության ամենահավակնոտ ծրագրերից մեկը «Ակադեմիական քաղաք» նախագիծն էր։ Այն ներկայացվում էր որպես կրթական ու գիտական մեծ համալիր, որը պետք է մեկ տարածքում միավորեր համալսարաններ, գիտահետազոտական կառույցներ, արտադրական կազմակերպություններ և հանրային ենթակառուցվածքներ։
Ծրագրի մասին հայտարարվել է դեռ 2021-ին։ Դրանից հետո կառավարությունը մի քանի անգամ խոսել է շինարարության մեկնարկի ժամկետների մասին, սակայն նախագիծը մինչ օրս գործնական կառուցապատման փուլ չի մտել։
Ի՞նչ է «Ակադեմիական քաղաքը»
«Ակադեմիական քաղաք» հիմնելու ծրագրի մասին առաջին անգամ հայտարարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. մարտի 17-ին: Այդ ժամանակ նշվել էր, որ «Ակադեմիական քաղաքը» պետք է ներառի Երևանի բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) մեծ մասը, իսկ նախատեսվող տարածքը ցանկալի է լինի մայրաքաղաքից դուրս կամ դրան մոտ։
Ծրագիրը ներառվեց կառավարության 2021-2026 ծրագրում. «Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝ բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն»,- նշված էր ծրագրում։
Այն նաև ներառվել էր «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում»
«Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը հաստատվեց 2023-ին: Նշվել էր, որ ծրագրի հիմնական թիրախներն են ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը, միավորել բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները կլաստերների մեջ։
Հայեցակարգում «Ակադեմիական քաղաքի» համար նախատեսվում էր երկու տարածք: Հիմնական տարածքը նշված էր Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքը, իսկ պահեստայինը՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի (ընդհանուր 700 հա):

Համաձայն 2023-ի որոշման՝ քաղաքը պետք է բաղկացած լիներ 4 կլաստերներից։
Թեև «Ակադեմիական քաղաքը» նախատեսում էր ի սկզբանե մինչև 16 ԲՈՒՀ-երի միավորում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ին հայտարարել էր, որ այդ ծրագրից դուրս որևէ համալսարան չպետք է գործի:
Հայեցակարգով նախատեսվում էր, որ այնտեղ հաստատվելու և աշխատելու է ընդամենը 44 000 մարդ:
Եվ ամենակարևորը՝ հաստատված հայեցակարգով շինարարության մեկնարկը նախատեսվում էր 2025-ի հոկտեմբերից, իսկ ավարտը՝ 2029 թ. դեկտեմբերին։
2023-ի հոկտեմբերին կառավարության որոշմամբ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները առանց մրցույթի վերապահվեցին «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /Gmp International GmbH Architects and Engineers ընկերությանը։ 2024-ի ապրիլին ընկերությունը Մատենադարանում ներկայացրեց ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը։ Կրկին հայտարարվեց, որ նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025-ի աշնանը, որից հետո կմեկնարկի կառուցապատման առաջին փուլը։
Սակայն մեկնարկը այդպես էլ չի տրվել, իսկ կառավարությունը նոր հայեցակարգ է ընդունել։
Ի՞նչ է նախատեսվում նոր հայեցակարգով
Կառավարությունը 2026-ի փետրվարին ընդունել է նոր հայեցակարգ, ըստ որի՝ բուն «Ակադեմիական քաղաքի» շինարարությունը նախատեսում են մեկնարկել 2027-ին, ավարտել՝ 2034-ին:
Նոր հայեցակարգով որոշակի փոփոխություններ են իրականացվել. հանվել է, օրինակ, նախորդ հաստատված 44 000 մարդու սահմանափակումը։ Այժմ յուրաքանչյուր կլաստերի հզորություն հաշվարկվելու է տեղափոխվող կառույցների ուսանողների ու աշխատակիցների փաստացի թվով: Նշվում է, որ ակնկալվում է նաև թվի առնվազն 30% աճի հնարավորություն։ Բացի այդ, քաղաք են տեղափոխվելու նաև «Ակադեմիական քաղաքին» առնչվող պետական ու մասնավոր տարբեր կառույցներ։
Բացի այդ, 2026-ի հայեցակարգով նախկին չորս կլաստերի թիվը փոխվել է վեցի (տեխնոլոգիական, արվեստների, կրթական, սպայական, դասական և բժշկական)։
Ինչո՞ւ նախատեսվածով չեն մեկնարկել աշխատանքները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) նախարար Ժաննա Անդրեասյանը 2024-ի հոկտեմբերին հայտարարել էր, հայտարարել էր, որ այդ տարի ավարտվելու է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակումը, իսկ 2025-ին ամբողջական գլխավոր հատակագիծը կներկայացվի հաստատման։
Գերմանական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը 2025 թ. հունվարի 30-ին ասել էր, թե փաստաթղթային հարցերը կավարտվեն նույն տարվա գարնանը, իսկ ամռանը կաշխատեն վերջնականացնել գլխավոր հատակագիծը: Բուն շինարարության մեկնարկն էլ նախնական հաշվարկներով նախատեսվում էր 2026-ին:
Սակայն գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի նախագծային փաթեթը միայն 2026-ի հունվարին է ներկայացվել Քաղաքաշինության կոմիտեին՝ համալիր փորձաքննություն իրականացնելու և ՀՀ օրենսդրության համաձայն հետագա հաստատումներն անցնելու նպատակով։

Ակադեմիական քաղաքի ծրագրի աշխատանքների ընթացքին հետևելու համար ստեղծված կայքում դեռևս որևէ զարգացում չկա հատակագծի ընդունման մասով։
Այսպիսով, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը փաստում է, որ նախնական հայեցակարգով բուն շինարարական աշխատանքները պետք է սկսվեին դեռևս 2025-ի հոկտեմբերին։ Այնուամենայնիվ, նախագծի զարգացմանը զուգընթաց՝ կառավարության 2026-ի նոր որոշմամբ ծրագիրը հիմնովին վերանայվել է, ընդլայնվել (4 կլաստերից դառնալով 6) և ստացել նոր ժամանակացույց։ Ըստ այդմ՝ կառուցապատման մեկնարկը տեղափոխվել է 2027-2034 թթ.։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











