Գլխավոր Լրահոս

Ամերիկյան շերիֆներ, 90-օրյա բանակ և նոր քաղաքներ. ինչ ուշագրավ խոստումներ են տալիս քաղաքական ուժերը

Ամերիկյան շերիֆներ, 90-օրյա բանակ և նոր քաղաքներ. ինչ ուշագրավ խոստումներ են տալիս քաղաքական ուժերը

Գևորգ Թոսունյան

Կաթողիկոսի պաշտոնանկություն, բանակի կրճատում մինչև 90 օր, ամերիկյան ոճի շերիֆներ ու խորհրդարանում դատարկ մնացող աթոռներ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը լի են ուշագրավ, երբեմն նաև անհավանական թվացող խոստումներով: ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնության նախընտրական ծրագրերն ու առանձնացրել ամենաարտառոց դրույթները, որոնցով կուսակցությունները փորձում են գրավել ընտրողների ուշադրությունը:

Միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում է, որ առանձնահատուկ անդրադարձ է կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ ՔՊ-ն պաշտոնապես խոստանում է հեռացնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետին (հանգստի կոչում)»՝ նշանակել տեղապահ, փոխել եկեղեցու կանոնադրությունը և ընտրել նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերն ու առանձնացրել ուշագրավ և անհավանական թվացող դրույթներ։

«Քաղաքացիական պայմանագիրը» նաև խոստանում է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոն կառուցել 35 հազար հանդիսատեսի համար՝ Ակադեմիական քաղաքում, և ևս երկու ստադիոն՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար Վանաձորում և Իջևանում:

Վարդան Ղուկասյանի «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության (ԴՕԿ) ծրագրով էլ առաջարկվում է ծառայողական մեքենաներ և անվտանգություն տրամադրել միայն 5 պաշտոնյայի, ընդ որում, այդ հնգյակում են ոչ միայն վարչապետը, նախագահը և ԱԺ նախագահը, այլև՝ իշխող կուսակցության նախագահն ու «իշխող կուսակցության պատվավոր նախագահը»։ Ըստ ծրագրի՝ մնացած պաշտոնյաներին կտրվի ընդամենը բենզինի քարտ (ամսական 80-120 լիտր) կամ հավելավճար։

Խոստանում են ամբողջությամբ լուծարել մարզպետարաններն ու Տարածքային կառավարման նախարարությունը, ինչպես նաև ներդնել ամերիկյան ոճի «շերիֆների» համակարգի ինստիտուտ, որն իրավասու կլինի միանձնյա որոշումներ կայացնել և վերահսկել տեղական պարեկներին։

«Վարկային գերության և բանկային ռեկետի» դեմ է պատրաստվում պայքարել «Բարգավաճ Հայաստանը»։ Ընտրվելու դեպքում նպատակ ունեն հաջորդ երկու տարիների ընթացքում պետության կողմից մարել մինչև երեք միլիոն դրամ վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային մայր պարտավորությունները՝ առաջին տարում մինչև մեկ միլիոն դրամ, երկրորդ տարում՝ մեկից երեք միլիոն ՀՀ դրամ վարկերի մասով:

Բացի այդ, ցանկանում են մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ վարկեր ունեցողների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում: Վերջում էլ՝ իրականացնել վարկային տոկոսադրույքների իջեցմանն ուղղված և հիպոթեքային վարկերի մատչելիության ապահովման քաղաքականություն։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունն էլ խոստանում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրել 5 մլն դրամի միանվագ նպաստ: Նպատակ ունեն նաև օրենսդրորեն արգելել օնլայն կազինոների և շահումով խաղերի (օնլայն բեթինգ) գործունեությունը ՀՀ տարածքում։

«Միասնության թևերը» ցանկանում է ստեղծել ազգային արժույթի նոր թվային ձև, «որը, դառնալով կանխիկ և անկանխիկ դրամին հավասարազոր և 1:1 հարաբերակցությամբ փոխարկելի երրորդ ձև, կլինի ֆինանսական համակարգի, հանրային կառավարման և տնտեսության թվայնացման գլխավոր շարժիչը»։ Ըստ ծրագրի՝ հիմնական նպատակն է պետական վճարումների ամբողջական թափանցիկությունն ու վերահսկելիությունը։

«Հանրապետություն» կուսակցությունն էլ բանակի մասով ուզում է ավելի հեռուն գնալ, քան ՔՊ-ն է արել։ Խոստանում են 5 տարվա ընթացքում աստիճանաբար կրճատել պարտադիր զինծառայությունը և հասցնել ընդամենը 90-օրյա ուսումնավարժական ծառայության։ Կրճատումն էլ իրականացնել «օդում և ցամաքում մարտական հերթապահության զինծառայողներին փոխարինող նոր տեխնոլոգիական սարքերի ներդրումով»։

Պատրաստվում են ընտրվելու դեպքում նոր քաղաք հիմնել. ծրագրում նշված է, որ նպատակ ունեն «տեխնոլոգիական ոլորտի սպասարկման աշխատողների համար 150 000 բնակչի նոր կորպորատիվ քաղաք հիմնադրել»։

Խաղամոլության դեմ էլ արհեստական բանականության (ԱԲ) գործիքների միջոցով է պատրաստվում պայքարել Հայ ազգային կոնգրեսը։

Ուզում են ներդնել «Խելացի մուտք» համակարգը․ «Համակարգն ավտոմատ կերպով գնահատում է անձի ֆինանսական հնարավորությունները և թույլատրում է մասնակցել խաղերին միայն այնպիսի չափաբաժնով, որը չի վնասի նրա սոցիալական վիճակը և չի հանգեցնի սնանկացման»,- նշված է ծրագրում։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունն էլ առաջարկում է՝ եթե ընտրացուցակում «Բոլորին դեմ եմ» տարբերակը հաղթահարում է անցողիկ շեմը (օրինակ՝ ստանում է 10%), ապա Ազգային ժողովում դրան համապատասխան քանակով մանդատներ մնում են ֆիզիկապես դատարկ ու թափուր՝ որպես բոյկոտի ինստիտուցիոնալ արտահայտություն։

Ռեֆորմիստների կուսակցությունն էլ, որի նախընտրական ծրագիրը կես էջ է ու պարունակում է 7 կետ, առաջարկում է ընտրություններին մասնակցությունը Հայաստանում դարձնել ոչ թե պարզապես իրավունք, այլ «պատվավոր պարտականություն», իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում