Միջազգային դատարանը մերժել է «Սանիթեքի» հայցն ընդդեմ Հայաստանի

Միջազգային արբիտրաժային դատարանը (ICSID) մերժել է լիբանանյան «Սանիթեք» ընկերության հայցն ընդդեմ Հայաստանի՝ չեղարկելով 36 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունից։
«Մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։
«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021-ի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 մլն դոլարի փոխհատուցում։
Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում»,- հայտնում են կառավարությունից։
Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։ Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։ Տրիբունալը անհիմն է համարել նաև Հայցվորների այն պնդումը, թե 2018-ին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։
2019-ի հոկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը և ընկերության նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերության կողմից։ Քաղաքապետ Հայկ Մարությանը ասել էր, որ «Սանիթեք» ընկերությանն է փոխանցվել 160 մլն դրամ։
Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության փոխարեն ստեղծեց աղբահանությամբ և սանմաքրմամբ զբաղվող պետական ընկերություն՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։









