Գլխավոր Լրահոս

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ բանակի արդիականացված նոր զինանշանը

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ բանակի արդիականացված նոր զինանշանը

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է բանակի արդիականացված նոր զինանշանը։ Նախարարությունից պարզաբանում են, որ բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է զինանշանի սրբագրման գործընթացը, քանի որ 2001-ին հաստատված նախկին տարբերակում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական և գաղափարաբանական թերություններ։

Նախարարության հիմնավորմամբ՝ նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ուներ հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ ՊՆ-ն մանրամասնում է, որ արծիվը պատկերված էր փակ կտուցով, ինչը հերալդիկայում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ և հաճախ ընկալվում է որպես անշունչ կերպար։ Բացի այդ, ըստ պարզաբանման, բացակայում էր արծվի հիմնական մարմինը՝ իրանը, որը ձուլված էր ընդհանուր մակերեսին, ինչպես նաև բացակայում էին նրա վերջույթները, զենքը, ինչն անթույլատրելիորեն ստեղծում էր անդամահատված, անզոր և խոցելի էակի տեսք։

Պաշտպանական գերատեսչությունը նաև մատնանշում է, որ նախկին զինանշանում սուրը տեղադրված էր վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է և հակասում է ՀՀ բանակի՝ մշտապես պատրաստ լինելու առաքելությանը։ Միևնույն ժամանակ, ըստ ՊՆ պարզաբանման, նախկին տարբերակում առկա էր պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ. այն ներկայացված էր ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված էր առանձին ժապավենների կամ կտորների, ինչը խորհրդաբանորեն կարող էր մեկնաբանվել որպես պառակտված կամ ոչ ամբողջական պետականություն։

Նոր զինանշանի կառուցվածքը բացատրելիս Պաշտպանության նախարարությունը նշում է, որ կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է և պատկերված է լիակատար, կենդանի ու ամբողջական մարմնավորմամբ, որտեղ հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը։ Նախարարության պարզաբանմամբ՝ արծվի կտուցն այժմ բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ ՊՆ-ն ընդգծում է, որ արծվի հետևում շողացող շրջանաձև ոսկեգույն արևը հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։

Ըստ գերատեսչության նկարագրության՝ արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան՝ հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում՝ սերմնահատիկով, որը մարմնավորում է ապագա զինվորներին։ Պաշտոնական հայտարարության մեջ շեշտվում է, որ արծիվն իր ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր. ձախում՝ ոսկեգույն սուր, որը խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը, իսկ աջում՝ բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը։ Վերջում Պաշտպանության նախարարությունը հավելում է, որ զինանշանի վերին հատվածում պատկերված ՀՀ պետական դրոշի եռագույնը և քարտեզը ներդաշնակորեն ընդգծում են բանակի դերը՝ որպես անվտանգության երաշխավոր, փաստելով, որ բանակում ընթացող բարեփոխումները շարունակվում են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում