Կառավարությունը հավանություն տվեց վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգին

Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին կթույլատրվի մեկ անգամ առանց քննության, 50,000 դրամ տուրքի վճարմամբ և մեկ տարվա փորձաշրջանով վերականգնել վարելու իրավունքը։ Մայիսի 27-ին կառավարության նիստին նախագիծը ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ներկայում գործող կարգավորումներով՝ վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարորդական իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ:
«Վարելու իրավունքի զրկման մասին ոստիկանության կողմից կայացված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները, որպես կանոն, մեկ տարի ժամկետով զրկված են լինում վարորդական իրավունքից։ Այս ժամկետը պահպանվում է, այսինքն, մեկ տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը, ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում անձը կարող է դիմել և վճարելով պետական տուրք՝ 50,000 դրամ, վերականգնել իր իրավունքը առանց որակավորման քննությունների միայն մեկ անգամ։ Դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան՝ տալով խիստ սահմանափակ թվով բալեր, որը վեց տուգանային բալային համակարգն է, իսկ երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու պայմաններում բնականաբար վերականգնման ռեժիմը վերականգնումն է բացառապես քննությունների եղանակով»,- ասել է նախարարը։
Առանց քննությունների այս եղանակով իրավունքի վերականգնումը թույլատրվելու է միայն մեկ անգամ, որից հետո սահմանվում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան: Նախարարը հիշեցրել է, որ եթե ստանդարտ իրավիճակներում վարորդներն ունենում են 13 բալային միավոր, ապա վերականգնման այս պայմաններում նրանց կտրվի ընդամենը 6 բալային միավոր:
«Եթե 6 բալային միավորը սպառվում է, կամ անձը այս ժամանակահատվածում զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ եղանակով կրկին գնում ենք զրկման եղանակին և անձը մեկ տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոցը», - ընդգծել է Սարգսյանը: Նա հավելել է, որ ստանդարտ պայմաններում 13 բալը սպառելու դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է, ոչ թե զրկվում, ինչը նշանակում է, որ նոր մոդելում կիրառվել է շատ ավելի խիստ մեթոդաբանություն՝ վարքագծի վրա շեշտադրումն առավել ակնհայտ դարձնելու համար:
Նախագծի համաձայն՝ երկրորդ և հաջորդ անգամ վարորդական իրավունքից զրկվելու պայմաններում վերականգնման ռեժիմը լինելու է բացառապես քննությունների հանձնման եղանակով։
Փաթեթում ներառվել է նաև անցումային դրույթ, որով 2020-ի հունվարի 1-ից մինչև 2026-ի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զրկված անձանց նույնպես հնարավորություն կտրվի միայն մեկ անգամ վերականգնել իրենց իրավունքը նույն մոդելի կիրառմամբ՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ, 13 բալի փոխարեն 6 բալի սահմանմամբ և փորձաշրջանի ժամկետի ամրագրմամբ։
Արփինե Սարգսյանը հստակեցրել է, որ այս որոշումը վերաբերում է բացառապես ոստիկանության կողմից վարչարարության շրջանակներում վարորդական իրավունքի զրկման դեպքերին: Կարգավորումը չի տարածվելու Հայաստանի Հանրապետության դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումների վրա:
Այն նաև չի կիրառվի անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի դեպքում, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ վարելու իրավունքը դադարեցվել է անձի հոգեկան հիվանդության, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդության վերաբերյալ տեղեկության, կամ առողջական վիճակի՝ օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու հիմքով:
Կազմակերպություն
Օբյեկտ
article.available_in
english










