Ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար գործող 5000 դրամ տուգանքները մինչև 20 հազար դրամ բարձրացնելու օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և ընդգրկվել ԱԺ լիագումար նիստի օրակարգում։ Նախագիծը նոյեմբերի 16-ին հանձնաժողովի նիստում ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երթևեկության որոշ խախտումներ էապես նպաստում են խցանումների առաջացմանը, իսկ մյուսները վտանգում են վարորդների, ուղևորների և հետիոտների անվտանգությունը։ ՆԳՆ-ն առաջարկում է վերանայել այդ խախտումների համար նախատեսված տուգանքներն ու տուգանային միավորները։
Երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում կայանելու համար տուգանքը նույնպես առաջարկվում է 5000 դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ, իսկ տուգանային միավորը՝ 0,25-ից մեկի։
Այն դեպքերում, երբ կանգառի կամ կայանման կանոնները խախտելու պատճառով ավտոմեքենան տարհանվում է, գործող 20 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 29 հազար դրամ, իսկ տուգանային միավորը՝ 0,5-ից մեկ։
Խստացումներ են նախատեսվում նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։ Առանց քարսիթի երեխա տեղափոխելու դեպքում գործող 5000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր։
«Մուտքն արգելվում է» և բեռնատարների երթևեկությունն արգելող ճանապարհային նշանների պահանջները խախտելու համար գործող 5000 դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 20 հազար դրամ՝ սահմանելով նաև երկու տուգանային միավոր։
«Կանգառն արգելվում է» նշանի պահանջը չկատարելու համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր։
Մկրտչյանի խոսքով՝ տուգանքներն արտոնյալ պայմաններով վճարելու հնարավորությունը կպահպանվի։ Համապատասխան արտոնություններից օգտվելու դեպքում 20 հազար դրամ տուգանքը կարող է նվազել մինչև 11,200 դրամ։
Փոփոխություններ են առաջարկվում նաև վարորդների՝ թմրամիջոցների օգտագործման ստուգման կարգում։
Նախագծով նախատեսվում է տեխնիկական միջոցներով տեղում պարզել՝ արդյոք վարորդը թմրամիջոց օգտագործել է։ Մկրտչյանի խոսքով՝ դա թույլ կտա արագացնել ստուգման գործընթացը։ Այս խախտման համար նախատեսված՝ երկու տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու պատասխանատվությունը չի փոխվում։
Օրենսդրական փաթեթն անդրադառնում է նաև էլեկտրական ինքնագլորների օգտագործմանը։ Առաջարկվում է դրանց վարումը թույլատրել 16 տարին լրացած անձանց, իսկ մայթերում և հետիոտնային գոտիներում առավելագույն արագությունը սահմանել ժամում 10 կիլոմետր։
Միաժամանակ նախատեսվում է արագությունը սահմանափակող տեխնիկական միջոցների կիրառում, որպեսզի ինքնագլորները համապատասխան գոտիներում ինքնաբերաբար չկարողանան գերազանցել թույլատրելի արագությունը։
Հանձնաժողովի նիստում փոխնախարարը ներկայացրել է նաև լրացուցիչ առաջարկներ՝ քաղաքացիների կողմից երթևեկության խախտումները տեսանկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու կարգի վերաբերյալ։
Մկրտչյանն առաջարկել է վերացնել համապատասխան հավելվածով խախտումների տեսանյութեր ներկայացնելիս անձը հաստատող փաստաթղթով խիստ նույնականացման պահանջը։
Նրա խոսքով՝ այդ պահանջը բարդություններ է ստեղծում քաղաքացիների համար, և համակարգը չի ապահովում ակնկալվող արդյունքները։
«Մենք չենք ստանում այդ հավելվածից և առհասարակ այդ պրոցեսից մեր ցանկալի արդյունքները»,- հայտարարել է փոխնախարարը։
Առաջարկվում է վերացնել նաև միևնույն ավտոմեքենայի խախտումները նկարահանելու և ներկայացնելու քանակային սահմանափակումը՝ գործընթացի վերահսկողությունն իրականացնելով այլ միջոցներով։
Փաթեթով առաջարկվում է նաև մասնավոր պահնորդական գործունեության հետ կապված որոշ վարչական գործերի քննությունը ՆԳՆ-ից վերապահել ոստիկանությանը, վերանայել ոստիկանության փորձաքննությունների վերաբերյալ լիազորությունները և ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների ու թմրամոլության դեմ պայքարի առանձին տարեկան ծրագրի վերաբերյալ կարգավորումները։
ՆԳՆ-ն երթևեկության կանոնների խախտումների համար պատասխանատվությունը խստացնող նախագիծը հանրային քննարկման էր ներկայացրել հոկտեմբերի 21-ին։
Հոկտեմբերի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել օրենսդրական փաթեթին՝ այն Ազգային ժողով ներկայացնելու որոշմամբ։












