Գլխավոր Լրահոս

Հասկացրել են՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան կցանկանան Հայաստանի իշխանությունները. Դավիթ Իշխանյան

Հասկացրել են՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան կցանկանան Հայաստանի իշխանությունները. Դավիթ Իշխանյան

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից՝ ընտանիքի հետ կատարված հեռախոսազանգի միջոցով, հայտնել է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց ուղղակիորեն հասկացրել են, որ «դուք այստեղ եք այնքան, ինչքան կցանկանան Հայաստանի իշխանությունները»։ 

Ըստ նրա՝ եթե սկզբում այդ պնդումները զարմանք էին հարուցում, ապա այսօրվա տեսանկյունից դա դարձել է համոզմունք։

Իշխանյանը շեշտել է, որ կալանքի տակ պահելու և դատավարության ձգձգման գործընթացն արհեստականորեն համապատասխանեցվում է քաղաքական զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցողներին։

«Ցավոք, զարգացումները և դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, հատկապես վերջին զարգացումների լույսով, երբ ղարաբաղցիների հասցեին իրականությանը չհամապատասխանող բաներ են փոխանցվում։ Չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբևէ առիթ կլինի ասելու. բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը և ում գործունեության արդյունքում է այս ամենը տեղի ունեցել»,- ասել է նա։

Բաքվի վերաքննիչ դատարանում բողոքարկման նախնական նիստից հետո Իշխանյանը շեշտել է, որ սա «ամբողջապես գրաքննվող և վերահսկվող հաշվեհարդարի դատավարություն է»։ Դատարանը մերժել է նիստերի առցանց հեռարձակման և պաշտպանական կողմին փաստաթղթերի ամբողջական տեքստերը տրամադրելու միջնորդությունները։

Նա «խաղաղություն և դատավարություն» զուգակցումը բնութագրել է որպես «տրագիկոմեդիա» և կրկին դիմել է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպաններին՝ ներկայացնելով կոնկրետ խնդրանքներ, որոնք հիմնականում վերաբերում են դատական գործընթացի թափանցիկությանը և տեղեկատվության փոխանցմանը։

Իշխանյանի հայտարարությանը նախորդել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապրիլի 21-ի կոչը՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին Բաքու այց կազմակերպելու խնդրանքով։ Մանասյանն արձագանքել էր՝ նշելով, որ այդ գործառույթը իր ղեկավարած կառույցի լիազորությունների մեջ չէ։

Դատավարությունը գնահատելով՝ Իշխանյանը այն որակել է որպես թիրախավորված հարված հայոց պետականությանը։ 

«Ֆրանց Կաֆկան կերազեր ներկա գտնվելու այդ դատավարությանը, և դա ներշնչանք կլիներ, որպեսզի նա գրի մի նոր ստեղծագործություն կամ էլ հայտնի «Դատավարությունը» շարունակի»,- փոխանցել է արցախցի գործիչը։

Իշխանյանը երախտագիտություն է հայտնել բոլոր անհատներին ու կառույցներին, որոնք պահանջում են իրենց անհապաղ ազատումը, և հայտնել, որ ո՛չ ողջախոհությունը, ո՛չ ոգու ու կամքի ուժը իրենց չեն լքել։

Հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հայոց պետականության վերականգնման օրվա առթիվ։

Ներկայում Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ բանտարկյալ, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտվել են 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկման։

Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Ադրբեջանում դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում