«Դա մեր ինքնիշխան որոշումն է, և մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք»․ այս մասին մայիսի 28-ին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության հետ հարաբերությունների շուրջ քննարկումներին։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը երբեք չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ նա հավելեց, որ մինչև այն պահը, քանի դեռ ԵԱՏՄ անդամակցությունն ու Եվրամիությանը մոտենալու գործընթացները համատեղելի են, Հայաստանը շարունակելու է առաջ շարժվել այդ ճանապարհով։
«Դա կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը, կարող է համատեղել լինի մինչև 2035, 2040 թիվը, դա կարող է համատեղել լինի մինչև 2026 թվի դեկտեմբերը, 2027 թվի հունիսը, ժամանակը ցույց կտա»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև անդրադարձավ արտահանման ոլորտում առաջացող խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք նոր չեն և նախկինում ևս եղել են։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աջակցել միայն այն արտադրողներին, որոնք աշխատում են միջազգային ստանդարտներին համապատասխան։
«Ստանդարտներին համապատասխան արտադրանքի համար աշխարհում կա յոթ միլիարդանոց շուկա»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար այսօր բազմաթիվ շուկաներ բաց են, այդ թվում՝ Եվրամիության երկրները։
Խոսելով ռուսական կողմից ստացված նամակին, որը վերաբերում է 2013 թվականի գազային պայմանագրին, Փաշինյանը պարզաբանեց, որ վերջին ութ տարում նմանատիպ նամակներ ստացվել են մի քանի անգամ: Նրա խոսքով՝ Հայաստանն ունի այդ հարցերի շուրջ աշխատելու փորձ, ձևաչափեր և բանաձևեր:
«Ես համոզված եմ, որ այս անգամ էլ լուծումներ կգտնվեն... կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։
․․․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ քանի դեռ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են ԵԱՏՄ անդամ լինելու հետ, Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ։
Երևանում մայիսի 4-ին տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցեց նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիրի Զելենսկին, մայիսի 5-ին էլ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին նշեց, որ Հայաստանը պետք է արագ որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցության հետ կապված։
Վերջին շրջանում ռուսական կողմը խնդիրներ է արձանագրում և սահմանափակումներ մտցնում Հայաստանից մատակարարվող մի շարք ապրանքների հետ կապված։ ՀՀ ԱԳՆ-ն մայիսի 27-ին ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը՝ ուղղված ՀՀ ՏԿԵՆ-ին: Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։












