Գլխավոր Լրահոս

Դատարանը պարտավորեցրել է չորս արցախցուց երեքին ընդգրկել ընտրական ցուցակում, ՆԳՆ-ն՝ բողոքարկել է

Դատարանը պարտավորեցրել է չորս արցախցուց երեքին ընդգրկել ընտրական ցուցակում, ՆԳՆ-ն՝ բողոքարկել է

Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել է Լեռնային Ղարաբաղից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց՝ Մարատ Եգանյանի, Իրինա Եգանյանի և Վիկտորյա Առստամյանի հայցերն ընդդեմ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Դատարանը պարտավորեցրել է նրանց ընդգրկել հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում։ 

Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Ֆլորա Այվազովայի հայցադիմումը, իսկ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ) արդեն բողոքարկել է բոլոր բավարարված վճիռները Վերաքննիչ դատարան։

Ըստ DataLex համակարգի՝ դատավոր Անի Աթանեսյանը Ֆլորա Այվազովայի հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։ 

Դատարանն արձանագրել է, որ պետական մարմնի դեմ ուղղված հանրային իրավահարաբերություններից բխող վեճերը պետք է քննի բացառապես Վարչական դատարանը։ Հատկանշական է, որ Վիկտորյա Առստամյանի առաջին հայցը նույնպես սկզբում մերժվել էր դատավոր Անուշավան Մուշեղյանի կողմից նույն՝ ընդդատության հիմքով, սակայն նոր հայցադիմում ներկայացնելուց հետո այն մակագրվել է դատավոր Սամվել Բաբայանին և բավարարվել։

Դատավորներ Գրիգորի Վարդանյանը և Սամվել Բաբայանը հաստատված են համարել, որ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից «ժամանակավոր պաշտպանություն» (փախստականի կարգավիճակ) ստանալու փաստի ուժով։ 

Դատարանն արձանագրել է, որ Մարատ և Իրինա Եգանյանները, ինչպես նաև Վիկտորյա Առստամյանը ունեն վավեր ՀՀ անձնագրեր, իսկ քաղաքացիության դադարեցման՝ օրենքով սահմանված որևէ հիմք (օրինակ՝ ՀՀ նախագահի հրամանագիր) առկա չէ։

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններից հետո, թե արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին, ՆԳՆ-ն մայիսի 27-ին հանդես եկավ հայտարարությամբ։ 

Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ «մոլորեցնող» որակեց այն պնդումները, թե առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք։ Գերատեսչությունը շեշտում է, որ արցախցիներն ունեն փախստականի կարգավիճակ, և ընտրություններին մասնակցելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ ՆԳՆ-ն բողոքարկել է վճիռները՝ նշելով, որ դատարանը չի անդրադարձել «քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը» և թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ։

Այս իրավական վեճի հիմքում ընկած է 2023-ի հոկտեմբերից Հայաստանի իշխանությունների որդեգրած այն դիրքորոշումը, թե արցախցիների «070» ծածկագրով կապույտ անձնագրերը քաղաքացիություն չեն հավաստում և ընդամենը «ճամփորդական փաստաթղթեր» են։ 

Պաշտոնական Երևանը հղում է անում 1999-ի փետրվարի 24-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքված «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրին, որն այս պահին հանրությանը հասանելի չէ և ունի «գաղտնի» կարգավիճակ։ 

Հատկանշական է, որ 1999-ին Արցախի ներքին գործերի համակարգը ղեկավարած մի շարք պաշտոնյաներ (օրինակ՝ Արցախի նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը կամ ՆԳ նախկին նախարարներ Ռոբերտ Շաֆերյանը և Արթուր Աղաբեկյանը) նշել են, որ չեն հիշում նման ստորագրված փաստաթղթի մասին։ 

Մինչև 2023 թվականը «070» ծածկագրով անձնագիր ունեցողները առանց որևէ խնդրի պաշտոններ են զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պետական օղակներում։

Տե՛ս՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում