ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարներն Աստանայի գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել և այն փոխանցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Երևանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ընդունվել է չորս առաջնորդների հայտարարությունը», - ասել է Ուշակովը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով գագաթնաժողովը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։
2025-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։












