Գլխավոր Լրահոս

Ռուսական արգելքը՝ հայկական կաթնամթերքի դեմ. հարված 17 մլն դոլարանոց արտահանմանը

Ռուսական արգելքը՝ հայկական կաթնամթերքի դեմ. հարված 17 մլն դոլարանոց արտահանմանը

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումն իր շուկա՝ որպես պաշտոնական հիմնավորում ներկայացնելով «վտանգավոր վարակների թափանցումն» ու «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների տարածումը» կանխելու անհրաժեշտությունը։

Կաթնամթերքի շուրջ ստեղծված այս իրավիճակը ռուսական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների եզակի դրվագ չէ։ Ավելի վաղ վերահսկողական մարմինների թիրախում էին հայտնվել հայկական գյուղմթերքն ու ծաղիկների արտահանումը, որոշ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջուրը։ Դրանց մուտքը ՌԴ նույնպես արգելափակվել կամ խստացվել էր՝ դարձյալ սանիտարական և որակի անվտանգության պաշտոնական փաստարկներով։

Երևանի և Մոսկվայի միջև առկա քաղաքական տարաձայնությունների ֆոնին Ռուսաստանի կիրառած այս սահմանափակումները թիրախավորում են հայկական տնտեսության առավել խոցելի և ռուսական շուկայից բարձր կախվածություն ունեցող ճյուղերը։

Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրությունը փաստում է, որ 2025-ին Հայաստանի կաթնամթերքի համաշխարհային արտահանումը կազմել է 19,8 մլն դոլար։ Այդ ծավալից ավելի քան 17 մլն դոլարի արտադրանքն իրացվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում՝ ճնշող մեծամասնությամբ հենց Ռուսաստանում։ Սա նշանակում է, որ ռուսական շուկան ապահովում է ոլորտի ընդհանուր արտահանման առյուծի բաժինը՝ ավելի քան 86%-ը։

Հատկանշական է, որ մինչ ռուսական նոր արգելքի կիրառումը ոլորտում արդեն իսկ արձանագրվել էր արտահանման ծավալների կտրուկ նվազում։ Եթե 2024-ին դեպի ԵԱՏՄ արտահանվել էր ավելի քան 23 մլն դոլարի կաթնամթերք, ապա 2025-ին այդ ցուցանիշը կրճատվել է 26,1%ով (ավելի քան 6 մլն դոլարով)։

Այս նահանջի գլխավոր պատճառը կարագի մատակարարումների կտրուկ նվազումն էր. 2024-ի 11,2 մլն դոլարի (շուրջ 1,6 հազար տոննա) դիմաց 2025-ին արտահանվել էր ընդամենը 2,29 մլն դոլարի արտադրանք՝ արձանագրելով շուրջ 80% անկում:

Անկման այս միտումը ոչ միայն չի կանգնել, այլև շարունակվել է 2026-ի առաջին եռամսյակում, վկայում են Մաքսային ծառայության նոր օպերատիվ տվյալները:

Եթե 2025-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ շուկա էր արտահանել շուրջ 4,1 մլն դոլարի կաթնամթերք, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նվազել է ևս 25,2%-ով՝ հասնելով 3,07 մլն դոլարի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում