Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ

2026 թվականի մայիս ամսվա ընթացքում դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 16 անձի նկատմամբ 5 քրեական վարույթ։ Ըստ Դատախազության՝ դատարան ուղարկված գործերը վերաբերում են ընտրակաշառք տալու և ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքների մասնակցության համար նյութական շահագրգռում առաջարկելու, ինչպես նաև ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերին։
Մասնավորապես՝
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
«Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո ՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թեմա










