Առաջիկայում կբացենք ոչ միայն մեր հարավային, այլև հյուսիսային երկաթուղին. Փաշինյան

Հայաստանը նախատեսում է վերականգնել հարավային՝ Մեղրիի երկաթուղին, ինչպես նաև կառուցել հյուսիսային երկաթուղային հանգույցը՝ դառնալով Արևելքն ու Արևմուտքը կապող ամենակարճ տարանցիկ երթուղին։ Այս մասին մայիսի 31-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում կբացենք ոչ միայն մեր հարավային երկաթուղին, այլև հյուսիսային երկաթուղին: Իջևան-Հրազդան երկաթուղու և Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղերը Լերմոնտովո բնակավայրի մոտ ընդամենը վեց կիլոմետր են իրարից հեռու, կմիացնենք իրար և կստանանք արևելքից արևմուտք, ամենակարճ երկաթուղին»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս լոգիստիկ ծրագրերն ուղղակիորեն կապված են TRIPP նախագծի հետ, որի իրագործման համաձայնագիրը մայիսի 26-ին Երևանում նախաստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Մրկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Փաշինյանն ընդգծել է, որ պետքարտուղարի չպլանավորված, կարճատև այցը՝ բացառապես փաստաթուղթը նախաստորագրելու նպատակով, վկայում է գործընթացի կարևորության մասին։ Նա նաև հղում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն այս նախագիծը դիտարկում է որպես էներգակիրների տարանցման կարևորագույն երթուղի:
Անդրադառնալով ներքաղաքական և տարածաշրջանային հարցերին՝ կառավարության ղեկավարը շեշտել է, որ հայ-ամերիկյան նոր համաձայնագիրը վերջնականապես օրակարգից հանում է որևէ արտատարածքային «միջանցքի» տրամադրման վերաբերյալ շահարկումները, որոնք հնչում էին վերջին հինգ տարիների ընթացքում։ Նա նշել է, որ փաստաթղթում հատուկ պարբերությամբ ամրագրված է՝ ծրագիրն իրագործվելու է բացառապես Հայաստանի տարածքային ամբողջականության, լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո։
«Այսպիսով, միջանցքի գոյություն չունեցած և արհեստականորեն ներմուծման փորձերով մեր հանրության ներկայացված թեման գոյություն չունի»,- հայտարարել է Փաշինյանը:
Կազմակերպություն
Տեղադրություն











