Ինչո՞ւ է արժևորվում դրամը․ պարզաբանել է ԿԲ-ն

Արշալույս Մղդեսյան
Հայաստանի տնտեսական ակտիվության արագացումը, արտահանման ծավալների աճն ու կապիտալի զգալի ներհոսքը 2026-ի տարեսկզբից նպաստել են ազգային արժույթի՝ դրամի արժևորմանը։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից (ԿԲ) հայտնել են, որ թեև հավատարիմ են լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այդուհանդերձ, ֆինանսական շուկայի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով միայն ապրիլին և մայիսի առաջին կեսին շուկայից գնվել է շուրջ 380 մլն ԱՄՆ դոլար։
Ինչո՞ւ է արժևորվում դրամը. հիմնարար գործոնները
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ վերջին եռամսյակների ընթացքում դրամի արժևորման միտումները արձանագրվող պայմանավորված են ինչպես տեղական ապրանքների ու ծառայությունների արտահանման ընդլայնմամբ, այնպես էլ դեպի Հայաստան ուղղվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքով։
Չնայած 2025-ին թանկարժեք մետաղների արտահանման կրճատումը բացասաբար էր անդրադարձել ընդհանուր ցուցանիշների վրա, 2026-ի առաջին ամիսներին տեղական արտադրության ապրանքների թողարկման շոշափելի աճ է նկատվում, նշում են Կենտրոնական բանկից ու թվարկում դրամի արժևորմանը նպատող հիմնական գործոնները.
- Հանքարդյունաբերություն. 2025-ի տարեվերջից ոլորտում արձանագրվում է արդյունահանման ծավալների վերականգնում, ինչը, պղնձի միջազգային գների էական աճով պայմանավորված, կտրուկ ավելացրել է արտարժութային հոսքերը։ Միայն 2026-ի առաջին եռամսյակում այս ճյուղի արտահանումը հասել է 435 մլն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 220 մլն դոլարի դիմաց։
- ՏՏ ոլորտ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2025-ի 4-րդ եռամսյակում կազմել է 4.5% (409 մլն դոլար, տարեկան 25% աճ)։ Թողարկման բարձր տեմպերը, թեև որոշակի թուլացմամբ, պահպանվում են նաև 2026 թվականին։
- Զբոսաշրջություն. 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 625,000 զբոսաշրջիկ, ինչը 23%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և մոտ է 2023-ի «պատմականորեն բարձր մակարդակին»։
Բացի այդ, արձանագրվել է ֆինանսական ներհոսք։ Ինստիտուցիոնալ ներդրողների կողմից ՀՀ դրամային պետական պարտատոմսերի պորտֆելը 2026-ի մարտի վերջի դրությամբ կազմել է 287 մլրդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (152 մլրդ դրամ)։ Միաժամանակ, միայն մեկ առևտրային բանկ 2026-ի 1-ին եռամսյակում իրականացրել է շուրջ 600 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսերի տեղաբաշխում։
ԿԲ-ն երկու ամսում 380 մլն դոլար է գնել
Շուկայական այս զարգացումներն անմիջականորեն արտացոլվել են փոխարժեքի վրա. ապրիլի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դրամը դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվել է շուրջ 10 դրամով՝ ԱՄՆ դոլարի պարագայում 377,2-ից նվազելով մինչև 368,3 դրամ, իսկ եվրոյի դեպքում՝ 437,5-ից նվազելով մինչև 428,9 դրամ։
Չնայած շուկայում առկա խոշոր ներհոսքերին, Կենտրոնական բանկն ընդգծում է, որ հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին և չի թիրախավորում կոնկրետ թվեր։
«Առաջնորդվելով այս տրամաբանությամբ, ԿԲ-ն չունի փոխարժեքի, դրա տատանողականության, արժևորման/արժեզրկման տեմպի ցանկալի կամ թիրախային մակարդակ, իսկ առանձին, կետային միջամտությունները արժութային շուկայում, ուղղված չեն նման նպատակների»,- նշված է ԿԲ պարզաբանման մեջ:
Այդուհանդերձ, հաշվի առնելով արտարժութային հոսքերի կենտրոնացված բնույթը, Կենտրոնական բանկը ստիպված է եղել դուրս գալ շուկա՝ «ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար»։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2026-ի ապրիլին ԿԲ-ն իրականացրել է 160 մլն ԱՄՆ դոլարի, իսկ մայիսի 1-22-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի առք։
Փոխարժեքը՝ որպես «շոկի կլանիչ»
Անդրադառնալով տնտեսության, արտահանման և գնաճի վրա դրամի վարքագծի ազդեցությանը՝ ԿԲ-ն կոչ է անում հաշվի առնել փոխարժեքի խիստ «ներծին» (էնդոգեն) բնույթը. դրամը չի արժևորվում ինքնին, այն տնտեսական հիմնարարների արդյունքն է։
ԿԲ վերլուծությամբ՝ վերջին տարիներին հենց բարձր տնտեսական աճը, արտադրողական ճյուղերի զարգացումն ու արտահանելի ծառայությունների (ՏՏ և ֆինանսներ) կշռի ավելացումն են (2021-ի 3.1%-ից 2025-ին հասնելով 7.5%-ի) հանգեցրել դրամի իրական հիմնարար արժևորմանը։
Միաժամանակ, ԿԲ-ն փոխարժեքի դերը դիտարկում է նաև գնաճի զսպման տեսանկյունից։
«Զբոսաշրջային հոսքերի աճով պայմանավորված՝ արտաքին պահանջարկի ընդլայնման պայմաններում, անվանական փոխարժեքը «շոկի կլանիչ» է (shock absorber) և հնարավորինս զսպում է այդ պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա»,- հայտնում են կառույցից։
Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ դրամի՝ վերջին ամիսների անվանական արժևորումը դեռևս միայն մասամբ է արտացոլվել ներքին շուկայի գներում։ Ուստի, սպասվում է, որ առաջիկա ամիսներին ազգային արժույթի ամրապնդումը կշարունակի թուլացնել արտաքին աշխարհից ներմուծվող գնաճային ճնշումները Հայաստանում։
Կազմակերպություն











