Գլխավոր Լրահոս

Ընտրությունները «նոր քաղաքացիների» միջոցով կեղծելո՞ւ են․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

Լուսանկարը խմբագրվել է ԱԲ-ի միջոցով

Լուսանկարը խմբագրվել է ԱԲ-ի միջոցով

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սոցցանցերում պարբերաբար տարածվում են պնդումներ, թե իշխանությունները պատրաստվում են ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ Հայաստանի քաղաքացիություն շնորհելով մեծ թվով օտարերկրացիների։ 

Տարբեր ժամանակներում այս պատմությունը ներկայացվել է տարբեր կերպ․ խոսվել է ընտրություններին մասնակցելու համար գրանցվող հնդիկների, 12 հազար անօթևան հույների, ապա՝ Հունաստանի՝ ցածր եկամուտ ունեցող 20 հազար քաղաքացիների մասին։ Սակայն բոլոր դեպքերում նարատիվը նույնն է՝ արտասահմանից մարդկանց ներգրավելու միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդելու պնդումը։

Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գրառումներից
Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գրառումներից

Սակայն ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։ Քանի՞ օտարերկրացի է ստացել Հայաստանի քաղաքացիություն, և արդյոք վիճակագրությունը հաստատո՞ւմ է շրջանառվող այս պնդումները։ 

Անօթևաններից մինչև ցածր եկամուտ ունեցող հույներ․ նույն պատմության նոր տարբերակները 

Դեռ 2026-ի փետրվարից սոցցանցերում տարածվում էին տեսանյութեր՝ պնդումներով, թե 12 հազար անօթևան հույնի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել՝ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ապահովելու նպատակով։

«Փորձագետները վստահ են, որ այս «նոր հայերին» ընտրությունների ժամանակ կբերեն հանրապետություն՝ քվեարկությանը մասնակցելու և Փաշինյանի հաղթանակն ապահովելու նպատակով»,- նշվում էր Шкварка 2.0 տելեգրամյան ալիքի գրառման մեջ։  

Ավելի ուշ՝ մայիսի 6-ից, սոցցանցերում սկսեց տարածվել մեկ այլ պնդում, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել նաև առնվազն 20 հազար ցածր եկամուտ ունեցող հույն։

Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գրառումներից
Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գրառումներից

Ավելի ուշ՝ մայիսի 21-ից, սկսեցին շրջանառվել նաև գրառումներ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հաստատել է Հայաստանի քաղաքացիություն ստացած 20 հազար հույների մասին տեղեկությունը։

Ո՛չ 12 հազար, ո՛չ 20 հազար․ ինչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը 

Ներքին գործերի նախարարությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2025-ին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 12,462 անձի, որոնցից 11,458-ը ազգությամբ հայեր են։ ՆԳՆ-ից #CivilNetCheck-ին պարզաբանել են, որ այս վիճակագրության մեջ ներառված չեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձինք։

2026-ի հունվարից մինչև ապրիլի 30-ը Հայաստանի քաղաքացիություն է ստացել 11,573 անձ, որոնցից 11,186-ը՝ ազգությամբ հայ։ Միաժամանակ, ՆԳՆ-ից պարզաբանել են, որ 2026-ի տվյալներում Հայաստանի քաղաքացիություն ստացածների թվի մեջ ներառված են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և քաղաքացիություն ստացած անձինք։ Մասնավորապես, քաղաքացիություն ստացած 11,186 ազգությամբ հայերից 7,182-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ են եղել։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիություն ստացած Հունաստանի քաղաքացիների թիվն ընդամենը 5 է։

Հետևաբար, պնդումը, թե Հայաստանի քաղաքացիություն է ստացել 12 հազար կամ 20 հազար հույն, չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես որևէ հայտարարություն չի արել 20 հազար հույների՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ։ Այս տեղեկությունը նա հերքել է նաև #CivilNetCheck-ի հետ զրույցում։

Ովքե՞ր են կանգնած կեղծ լուրերի հետևում

Սոցցանցերում տարածվող բոլոր հրապարակումները ներկայացված են կարճ տեսանյութերի ձևաչափով։ Տեսանյութերը հիմնականում անգլերեն են և ներկայացվում են միջազգային կամ տեղական լրատվամիջոցների՝ օրինակ հունական EPT-ի և հայկական Armenpress-ի տարբերանշաններով։ Սակայն նշված լրատվամիջոցներում նման հրապարակումներ չեն արել, իսկ տարբերանշաններն օգտագործվում են նյութերին վստահելիության տեսք հաղորդելու համար։

Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գրառումներից
Էկրանապատկերը՝ սոցցանցերում տարածված գրառումներից

Միևնույն ժամանակ, տեսանյութերը տարածվում են տարիներով ոչ ակտիվ, ցածր ներգրավվածությամբ, բայց կասկածելիորեն մեծ թվով դիտումներ հավաքող հին օգտահաշիվների միջոցով։ Նման տարածման եղանակը բնորոշ է «Մատրյոշկա» ապատեղեկատվական արշավին, որը կապվում է ռուսական ազդեցության գործողությունների հետ։

Էկրանապատկերը՝ Danyelle Wilson օգտահաշվից
Էկրանապատկերը՝ Danyelle Wilson օգտահաշվից

Այս գրառումները նաև ակտիվորեն շրջանառվում են ռուսալեզու տելեգրամյան այն ալիքներում (1,2, 3, 4), որոնք պարբերաբար Հայաստանի մասին կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ են տարածում։

Տես՝ Ինչպես են Տելեգրամյան ցանցերը տարածում ապատեղեկատվություն Հայաստանի մասին

Հատկանշական է, որ օտարերկրացիների միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդելու մասին նմանատիպ պնդումներ շրջանառվում էին նաև 2025 թվականի մարտի 30-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրություններից առաջ։ Այդ ժամանակ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվում էին տեղեկություններ, թե մեծ թվով հնդիկներ են գրանցվում ընտրություններին մասնակցելու համար։ Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ այդ պնդումները անհիմն են։

Տես՝ Գյումրիի ընտրություններին հնդիկների և ջավախահայերի զանգվածային գրանցումների լուրերն անհիմն են

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում