«Կարծում եմ՝ Ռուսաստանը գոհ չէ Հայաստանում ԱՄՆ-ի ներգրավվածությունից»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 2-ին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ։
«Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք կցանկանային ներկայիս նախագահի (նկատի ունի վարչապետին) պարտությունն ընտրություններում՝ Միացյալ Նահանգների հետ զարգացող հարաբերությունների պատճառով»,- նշել է նա։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը Հայաստանի ներքին գործերին միջամտելու նպատակ չունի։
«Մենք այնտեղ չենք՝ Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար։ Մենք չենք պահանջում, որ նրանք դադարեցնեն հարաբերությունները այլ երկրների հետ։ Մենք պարզապես ցանկանում ենք զարգացնել հարաբերություններ, որոնք կառուցված են ոչ միայն խաղաղության վրա․ խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է»,- նշել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի նպատակը Հայաստանի հետ համագործակցության խորացումն է՝ հատկապես քաղաքական և ռազմավարական հարաբերությունների ընդլայնման միջոցով։
․․․
Մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով «մեծ բարեկամ և առաջնորդ»։
«Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը՝ 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրության համար»,- ասել էր Թրամփը։
Դրանից երկու օր առաջ՝ մայիսի 26-ին կարճատև այցով Երևան էր ժամանել Մարկո Ռուբիոն։ Այցի ընթացքում ստորագրվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն:












