Պետությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը․ Պապոյան

Պետությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ): Աջակցության ծրագիրն էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի հունիսի 4-ի կառավարության նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը»,- գրել է նախարարը:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում են արտահանման անարդար խոչընդոտներ, կառավարությունն աջակցության ծրագրեր կիրականացնի։
«Պղպեղը փչանում է, վարդերը փչանում են, կառավարությունը կվճարի դրա համար, բայց արդյունքում Հայաստանում պղպեղի արտադրությունը կաճի, և արտահանումը նույնպես կաճի», ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ աշխատում է արտահանման նոր շուկաներ զարգացնելու ուղղությամբ, և պետական օգնություն կտրամադրվի, երբ խոչընդոտները կապված չեն ապրանքի որակի հետ։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։
Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 3-ից ժամանակավորապես արգելվել է Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը ՌԴ, ինչպես նաև դրանց տարանցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։











