CNN. Իսրայելը Ադրբեջանում զորք է տեղակայել Իրանի դեմ պատերազմի ընթացքում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը (աջից) և Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հունվարի 26-ին Բաքվում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս են անցկացնում։ Ռեսուլ Ռեհիմով/Անադոլու/Getty Images
CNN-ի բացառիկ հետաքննության համաձայն՝ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի տեղակայել է հատուկ ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից մի քանի դիրքերում, որոնցից ամենամոտը՝ իրանական Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։
Տեղակայված ուժերը, որոնց թվում էին հատուկ նշանակության զորքեր, ուղղաթիռային մարտական ստորաբաժանումներ և Մոսադի անձնակազմ, իրականացրել են հետախուզություն, դրոնային գործողություններ և լսող սարքերի տեղադրում հյուսիսային Իրանում։ Ադրբեջանի տարածքից իրականացված հիմնական գործողություններից մեկը եղել է մարտի 4-ին Իսլամական հեղափոխոության պահապանների կորպուսի հետախուզության հատուկ գործողությունների ստորաբաժանման ղեկավար Ռահման Մողադդամի սպանությունը։
Պատերազմի նախօրյակին, հունվարի կեսերին, Իսրայելն արդեն սկսել էր նախնական գործողություններ Ադրբեջան-Իրան սահմանին։ Թեև ԱՄՆ նախագահ Թրամփը կանգնեցրեց Իսրայելի նախատեսված առաջին հարվածները, Իսրայելը շարունակել է ինքնուրույն գործել՝ տեղադրելով հետախուզական սարքավորումներ։ Հունվարի վերջին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը այցելեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի ղեկավարության հետ։
Ադրբեջանի հետ մեկտեղ Իսրայելը գաղտնի ռազմական ենթակառուցվածք էր ստեղծել նաև Իրաքում (երկու բազա՝ լոգիստիկ աջակցության համար), ԱՄԷ-ում («Երկաթե գմբեթ» հակաօդային համակարգ) և Սոմալիլենդում (երկարահեռ թռիչքների կետ)։ Այս ամենը Իրանի հարավային, արևմտյան և հյուսիսային հարևանությամբ ապահովել է Իսրայելի ռազմական ներկայությունը՝ հարյուրավոր կիլոմետրերով երկարաձգելով բանակի հասանելիությունը։
Ադրբեջանը հրաժարվել է CNN-ի տեղեկատվությունը հաստատել. Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ «վճռականորեն հերքում է» մեղադրանքները երրորդ երկրների դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու վերաբերյալ։
CNN-ի հոդվածը հիշեցնում է, որ Ադրբեջանն Իսրայելին ապահովում է նավթով, իսկ Իսրայելը Բաքվին վաճառում է առաջադեմ զինատեսակներ, որոնք կիրառվել են Հայաստանի դեմ 2016 և 2020 թվականների Ղարաբաղյան պատերազմում։ 🔗











