Գլխավոր Լրահոս

Էրդողանը պաշտոնանկ է արել Ադրբեջանին քննադատած իր գլխավոր խորհրդականին

Էրդողանը պաշտոնանկ է արել Ադրբեջանին քննադատած իր գլխավոր խորհրդականին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հեռացվել է պաշտոնից։ Նա չի բացառել, որ որոշումը կապված է Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների վերաբերյալ իր քննադատական հայտարարությունների հետ։

Սա տեղի է ունեցել Անկարայի և Բաքվի միջև վերջին շաբաթներին ծագած տարաձայնությունների և Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 21-ի հեռախոսազրույցից չորս օր անց։

Սարալի պաշտոնանկության մասին հայտնել է թուրք լրագրող Թալաթ Աթիլլան, որի հրապարակումը փոխանցել է նաև ադրբեջանական իշխանամետ REAL TV հեռուստաալիքը։

Լրագրողի խոսքով՝ ինքը հեռախոսով կապվել է Սարալի հետ և հարցրել՝ արդյոք վերջինս ազատվել է պաշտոնից։

«Այո։ Մենք պաշտոններին հավերժ չենք։ Մեծարգո նախագահը նշանակել էր ինձ այդ պաշտոնում, և նրա հրահանգով էլ հեռացել եմ։ Որևէ մեկից նեղացած չեմ»,- պատասխանել է Սարալը։

Հարցին, թե արդյոք պաշտոնանկությունը պայմանավորված է Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարություններով, Էրդողանի նախկին խորհրդականն արձագանքել է. «Այո, կարծես թե այդպես է»։ «Կարևորը Թուրքիայի Հանրապետությունն է։ Կարևորը մեր մեծարգո նախագահի հաջողությունն է»,- հավելել է նա։

Օքթայ Սարալը, որը նախկինում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է եղել, հոկտեմբերի 13-ին քննադատել էր Ադրբեջանում դպրոցականների գլխաշոր կրելու վերաբերյալ սահմանափակումները։

«Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքի սահմանափակումն անընդունելի է»,- գրել էր նա՝ կոչ անելով Բաքվին վերանայել որոշումը։

Խոսքն Ադրբեջանի կառավարության հաստատած կանոնների մասին է, որոնք սահմանափակում են դպրոցական համազգեստի միասնականությունը խախտող և աշխարհիկ կրթության սկզբունքներին չհամապատասխանող հագուստի լրացուցիչ տարրերը։ Դրանց կիրառումը դժգոհություն և քննադատություն էր առաջացրել Թուրքիայում, այդ թվում` քաղաքական շրջանակներում:

Սարալի հայտարարությանը կոշտ էր արձագանքել Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ դրանք որակելով անպատասխանատու և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ։

Հոկտեմբերի 20-ին բրիտանական Middle East Eye պարբերականը, վկայակոչելով մի քանի իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ Բաքուն Անկարայից պահանջել է պաշտոնանկ անել Սարալին։ Պարբերականի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել նաև թուրքական քաղաքական շրջանակներից հնչող այլ հայտարարությունների կապակցությամբ։

Հոկտեմբերի 25-ին Middle East Eye-ն հաղորդել է, որ Սարալը նաև անմիջականորեն հաստատել է իր պաշտոնանկությունը պարբերականին՝ հայտնելով, որ լիովին հարգում է Էրդողանի որոշումը։

Հատկանշական է, որ պաշտոնանկությունը տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 21-ի հեռախոսազրույցից հետո։ Երկու երկրների նախագահների աշխատակազմերի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցերը։

Էրդողանը նաև Ալիևին հրավիրել է մասնակցելու Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։ Հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրություններում երկու երկրների միջևս վերջին օրերին ծագած տարաձայնությունների կարգավորման մասին որևէ տեղեկություն չկա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում