Գլխավոր Լրահոս

1999-ին Արծրուն Մարգարյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել է թիկնապահը․ ՔԿ

1999-ին Արծրուն Մարգարյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել է թիկնապահը․ ՔԿ

27 տարի անց բացահայտվել է ներքին գործերի և ազգային անվտանգության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունը։ Թեև 1999-ին դեպքը որակվել էր որպես ինքնասպանություն և քրեական գործը կարճվել էր, նոր քննչական գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման արդյունքում հերքվել է ինքնասպանության վարկածը և հիմնավորվել, որ նրան սպանել է իր թիկնապահը: Վերջինիս նկատմամբ 2026-ի հունիսի 3-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և դատարան է ներկայացվել նրան կալանավորելու միջնորդություն։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի հաղորդագրությունից։

1999-ի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով: 

Դեպքի առթիվ 1961-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել և դա այն պայմաններում, երբ Արծրուն Մարգարյանի դիակի վրա առկա է եղել 2 հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում: 

Արդյունքում, տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999-ի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։   

Դեպքից 27 տարի անց՝ ՀԿԳ քննիչի կողմից բարձր մասնագիտական գիտելիքների համադրմամբ կատարված պլանավորված, համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով: 

Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։

«Սպանության բացահայտման առումով զգալի դժվարություն է առաջացրել նաև այն, որ քրեական վարույթի նյութերն առհասարակ բացակայում էին և սկզբնական փուլում Քննչական կոմիտեի տրամադրության տակ էին միայն քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը, դատարանի որոշումները և մի քանի այլ դատավարական փաստաթղթեր, սակայն տվյալ իրավիճակում վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կարողացավ վերականգնել քրեական վարույթի նյութերը, այլև ձեռք բերել էական նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին, որպեսզի նոր երևան եկած հանգամանքի հիմքով նախ՝ որոշում կայացվի նախկինում եղած անհիմն որոշումները վերացնելու համար և երկրորդ՝ կայացվի որոշում նույն անձին՝ արդեն սպանության որակյալ հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) որպես մեղադրյալ ներգրավելու համար։ 

2026-ի հունիսի 3-ին քննիչի միջնորդության հիման վրա՝ ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում և կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում