Մենք կատարեցինք մեր ընտրությունը հավատքով, որ Աստված անսասան պահի Հայոց պետությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո։ Կաթողիկոսը քվեարկել է 14/11 ընտրատեղամասում։
«Մենք կատարեցինք մեր ընտրությունը հավատքով, որ Աստված անսասան պահի Հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին այս ծանր փորձությունները, և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ և բարօր երկիր»,- ասել է Գարեգին Երկրորդը։
2026-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 16 քաղաքական կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք։ Տարբեր հարցումների համաձայն՝ առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որին հաջորդում են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններից պահանջվում է հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը, իսկ վերոնշյալ դաշինքներից՝ 8 տոկոսը։












