Գլխավոր Լրահոս

Թափանցիկ ծրարներ, քարոզչական նյութեր տեղամասերում. «Անկախ դիտորդն» ամփոփել է ընտրությունների մեկնարկը

Թափանցիկ ծրարներ, քարոզչական նյութեր տեղամասերում. «Անկախ դիտորդն» ամփոփել է ընտրությունների մեկնարկը

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկած խորհրդարանական հերթական ընտրություններին տեղամասերի ճնշող մեծամասնությունը բացվել է ժամանակին և գործում է առանց լուրջ խախտումների, սակայն առանձին տեղամասերում արձանագրվել են ընտրողների գրանցման սարքերի տեխնիկական խնդիրներ և քվեարկության գաղտնիությունը վտանգող դեպքեր: Այս մասին զեկուցել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ ամփոփելով դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքները ժամը 10:30-ի դրությամբ։

Շուրջ 700 դիտորդներից, 300 շրջիկ և 30-ից ավելի արագ արձագանքման խմբերից բաղկացած առաքելությունն հունիսի 7-ի առավոտյան դիտարկել է 860 ընտրական տեղամաս, ինչը կազմում է հանրապետության տեղամասերի շուրջ 43%-ը:

Ըստ նախնական տվյալների՝ ընտրական գործընթացի մեկնարկն անցել է կազմակերպված. տեղամասերի 93%-ում առավոտյան նիստի ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել, իսկ 89%-ում քվեարկությունը սկսվել է ճիշտ ժամը 08:00-ին: Տեղամասերի 81%-ում կահավորման խնդիրներ չեն եղել, իսկ տեսախցիկների 98%-ն աշխատում է անխափան:

Առավոտյան ժամերին հիմնական բարդությունները, ինչպես նշել է Իոաննիսյանը, կապված են եղել էլեկտրոնային գրանցման սարքերի աշխատանքի հետ: Որոշ տեղամասերում սարքի տպած կտրոնների վրա նշված հերթական համարը չի համապատասխանել ընտրողների ցուցակում առկա համարին: «Թեև սա էականորեն չի ազդել ընդհանուր գործընթացի վրա, այն դանդաղեցրել է հանձնաժողովների աշխատանքը՝ ստիպելով ընտրողներին որոնել ըստ անուն-ազգանունի», - հայտնում է Դանիել Իոաննիսյանը:

Այս խնդրի պատճառով ընտրական տեղամասում հանձնաժողովը կայացրել է որոշում՝ 40 րոպեով (08:00-08:40) դադարեցնել քվեարկությունը: Իոաննիսյանի գնահատմամբ՝ դա «շատ սխալ որոշում էր», որի հետևանքով որոշ ընտրողներ չեն սպասել և հեռացել են տեղամասից՝ առանց իրացնելու իրենց ընտրական իրավունքը:

Դիտորդներն ահազանգում են նաև քվեարկության ծրարների որակի վերաբերյալ. «Որոշ տեղամասերում ծրարների թափանցելիության մակարդակն անընդունելի է, ինչը թույլ է տալիս ուշադիր զննելու դեպքում տեսնել ներսում դրված քվեաթերթիկը»: Առաքելությունը ներկայումս պարզում է խնդրահարույց խմբաքանակների տարածվածության աշխարհագրությունը` միևնույն ժամանակ նշելով, որ այդ խնդիրն «ոչ ամեն տեղ է, առերևույթ այս պահին կարող ենք ասել, որ տարբեր տեղերում տարբեր ծրարներ են»:

Բացի այդ, նշել է Դանիել Իոաննիսյանը, բազմաթիվ տեղամասերում նկատվել են վստահված անձինք, որոնք կրել են քարոզչական տարրեր պարունակող հագուստ կամ կրծքանշաններ: Արձանագրվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կրծքանշաններով և այլ քաղաքական ուժերի տարբերանշաններով շապիկներ ու գլխարկներ կրելու դեպքեր: «Անկախ դիտորդի» միջամտությամբ ձեռնարկվում են միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ. վստահված անձանց հորդորում են հեռացնել քարոզչանյութերը կամ փոխել հագուստը:

«Անկախ դիտորդ» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն, քվեարկության ընթացքի վերաբերյալ հաջորդ առավել ամփոփումը կներկայացնի ժամը 14:00-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում