Ընտրությունների նախօրեին Ռուսաստանից Հայաստան ժամանած տղամարդը ձերբակալվել է

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանը։ Նա Երևան էր ժամանել ընտրությունների նախօրեին և լրագրողի հետ զրույցում հայտնել, որ քվեարկությունից հետո անմիջապես վերադառնալու է Ռուսաստան՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հովհաննես Սահակյանը հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը»,- հայտնում են ՔԿ-ից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հովհաննես Սահակյանին։
«Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը։
Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։
Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից»,- հայտնում են պաշտպանի գրասենյակից։
Իրադարձություն
Կազմակերպություն
Տեղադրություն










