Մի խումբ գործընկերների հետ Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել․ Իոաննիսյան

Մի խումբ գործընկերների հետ Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Արթուր Օսիպյանի ազատ արձակման դեպքում նրա պահվածքի (օրինակ՝ քննիչի պահանջով ներկայանալու) համար ես էլ եմ պատասխանատվություն կրելու՝ քրեական օրենսգրքի 511-րդ հոդվածով։
Ընդորում, այդ ռիսկին ես գնացել եմ առանց Օսիպյանի համաձայնության, քանի որ իր փաստաբանը տարօրինակ մոտեցումներ ունի (իր իրավունքն է)։
Այդուհանդերձ, ես պատրաստ եմ Արթուր Օսիպյանի ազատության համար ՔԴՕ 128-րդ հոդվածով գրավոր պատասխանատվություն ստանձնեմ (ի տարբերություն որոշ շատ բարձր գոռացողների)՝ քաջ գիտակցելով, որ եթե ազատվեց ու խախտեց սահմանափակումները՝ ես եմ դատվելու։
Հ․Գ․ Արթուր Օսիպյանի հրապարակային հայտարարությունները չեմ կիսում, գաղափարակիցը չեմ, բայց նա չի արել այնպիսի մի հայտարարություն, որը քրեորեն պատժելի է, ինքը չի արել որևէ հայտարարություն, որի համանմանը չի արել Նիկոլ Փաշինյանը»,- գրել է Իոաննիսյանը։
Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել և կալանավորվել է մայիսի 18-ին՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած բանավեճից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածերով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչության իրականացմանը խոչընդոտելու համար։ Մի շարք իրավապաշտպաններ պնդում են, որ Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է։
Մայիսի 21-ից Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Արթուր Օսիպյանը հացադուլ է սկսել։ Նա Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել իրեն և այլ արցախցիների «փախած» անվանելու համար։











