Հայաստանում առգրավվել է 930 միավոր ապօրինի հրազեն․ ՆԳ

Հայաստանում շարունակվում են միջոցառումներն անօրինական շրջանառությունից հրազենի դուրսբերման և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Ըստ ՆԳՆ տվյալների՝ մինչև հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 930 միավոր հրազեն, որից 99-ը՝ ինքնաձիգ, 349-ը՝ ատրճանակ։ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ այս թվերը միաժամանակ դրական են և մտահոգիչ։
«Զենքերը դուրս են բերվել անօրինական շրջանառությունից, բայց մենք արձանագրում ենք, որ դրանք դեռ առկա են։ Պետք չէ սահմանափակվել միայն զենքի հայտնաբերմամբ, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել հանցավորության կանխարգելումը՝ կենտրոնանալով մարդու վարքագծի վրա», - նշեց փոխնախարարը։
Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը՝ Մկրտչյանը կարևորեց պարեկային ծառայության պայքարը իրավախախտումների, հատկապես՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեմ։ Նա նաև շեշտեց, որ միայն վարչարարությունը բավարար չէ, և հիմնարար լուծումը քաղաքացու անվտանգային մշակույթի ձևավորումն է։
Այս նպատակով ՆԳՆ-ն ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցներում կներդնի ճանապարհային երթևեկության անվտանգության ուսումնական մոդուլ։
Փոխնախարարն ընդգծեց նաև վարչարարության խստացումը. այս տարի արդեն կազմվել է մոտ 5,500 արձանագրություն՝ երեխաների համար նախատեսված պաշտպանիչ նստատեղեր («քարսիթ») չօգտագործելու համար, ինչը կրկնակի ավել է անցած տարվա ցուցանիշից։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է գործարկել տեխնիկապես հագեցած պարեկային տրանսպորտային միջոցներ, որոնք կկարողանան 360 աստիճանով արձանագրել վարորդների կողմից հեռախոսի օգտագործման դեպքերը։
«Ասեմ նաև, որ այս տարի 19,000 դեպք ենք արձանագրել հեռախոս օգտագործելու հետ կապված, իսկ անցած տարի՝ շուրջ 40,000 նման դեպք։ Այս դեպքերը հաճախ կունենանք, եթե սրանց արմատներին, այսպես ասած, չկպնենք և մարդկանց մոտ չձևավորենք համապատասխան անվտանգային մշակույթ»,- ամփոփեց փոխնախարարը։











