Ներքին գործերի նախարարությունը դեռ համապարփակ վերլուծություն չունի այն վարորդների խախտումների վերաբերյալ, որոնք օգտվել են վարորդական իրավունքի վերականգնման կարգի փոփոխությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարներին և դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական վթարների համատեքստում լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչու չի հաջողվում էականորեն փոխել ճանապարհային անվտանգության պատկերը և որոնք են վթարների հիմնական պատճառները։
Սարգսյանի խոսքով՝ ՆԳՆ-ի վերլուծությունները ցույց են տալիս, որ ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում տեղի են ունենում երթևեկության կանոնների խախտման հետևանքով։ Նա նշել է նաև ճանապարհային անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության հետ կապված խնդիրները, առանց վարորդական իրավունքի կամ կասեցված իրավունքով մեքենա վարելու դեպքերը։
Նախարարը պնդել է, որ այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է, սակայն վերջին շրջանում ծանր հետևանքներով վթարների պատճառով տպավորություն է ստեղծվում, թե դեպքերն ավելացել են։
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք նախարարությունը վերլուծել է, թե վարորդական իրավունքի վերականգնման կարգի փոփոխությունից օգտված անձինք հետագայում խախտումներ կատարե՞լ են, և արդյոք նրանց մասնակցությամբ ողբերգական վթարներ եղել են։
«Համապարփակ վերլուծություն այս պահի դրությամբ չունենք, որպեսզի խախտումներն առանձնացնենք, բայց որքան հիշում եմ, առանձին դրվագներով շատ քիչ են այն դեպքերը, երբ որ կոնկրետ նորից խախտում կա կամ զրկման իրավիճակ ունեն, բայց սպասենք ամբողջական վերլուծությանը»,- պատասխանել է Սարգսյանը։
Նա նաև հայտնել է, որ ՆԳՆ-ն որոշակի խստացումներ է նախատեսում վարորդների համար՝ նպատակ ունենալով փոխել նրանց վարքագիծը։
Վերջին շրջանում մի շարք ողբերգական ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով եղել են զոհեր։ Նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից ինը անձ է զոհվել։
Այս տարվա հուլիսի 6-ից Հայաստանում ուժի մեջ է մտել վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը։ Դրա համաձայն՝ վարելու իրավունքից զրկված անձինք զրկման ժամկետը լրանալուց հետո կարող են մեկ անգամ վերականգնել իրենց իրավունքը՝ առանց տեսական և գործնական քննությունները վերահանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։












