«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի համոզմամբ՝ իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանն ընտրությունների արդյունքում կդառնար իշխող ուժի առաջնորդ, եթե ընտրախախտումներ չլինեին։ Հունիսի 10-ին ասուլիսի ժամանակ Մելոյանը նշել է, որ պատահական չէր Սամվել Կարապետյանն ընտրություններից առաջ ասում, որ իրենք հաղթող ուժ են։
«Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Համոզմունք ունեմ, որովհետև սկսած մեր ակտիվի ձերբակալություններից և կալանավորումներից, մեր գործընթացը կաթվածահար անելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհուպ անգամ կաշառքների դրվագների մասին ունենք ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում»,- ասուլիսի ժամանակ ասել է Մելոյանը։
Մելոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի հետ դեռ չեն հանդիպել ու չեն քննարկել ստեղծված իրավիճակը։
Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն առայժմ չեն շտապում հայտարարել մանդատները վերցնելու մասին, սպասում են քվեների վերահաշվարկին, որից կախված է ընդդիմադիր երրորդ ուժի՝ Բարգաված Հայաստան կուսակցության, խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցը։ Քվեարկության նախնական տվյալներով ԲՀԿ-ն չնչին քվեների տարբերությամբ չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը։
«Մենք պետք է հասկանանք որքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է լիազորել, պատվիրակել, քանի որ սա առաջին հերթին պատասխանատվություն է։ Կարծում եմ որևէ մեկիդ մոտ 2–րդ կարծիք չի կարող առաջանալ, որ մեզնից որևէ մեկն այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել»,- ասել է Մելոյանը։
***
Հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2 մլն 507 հազար 216 ընտրելու իրավունք ունեցողներից 1 մլն 477 հազար 736-ը։
Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։
Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։
Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %
«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28%
«Հայաստան» դաշինք- 145 113 քվե, 9,93%։












