Գլխավոր Լրահոս

Շուրջ 4 մլրդ դրամ կհատկացվի գյուղմթերքի և խմիչքի արտահանման սուբսիդավորման համար

Շուրջ 4 մլրդ դրամ կհատկացվի գյուղմթերքի և խմիչքի արտահանման սուբսիդավորման համար

Հայաստանի կառավարությունը շուրջ 4 մլրդ դրամ պետական աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանողներին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին  արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու համար։ Նախագծով հունիս ամսվա ընթացքում իրականացված արտահանումների համար տնտեսավարողներին կտրամադրվի ֆինանսական փոխհատուցում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025-ին նշված ապրանքատեսակների արտահանման ծավալը կազմել է շուրջ 106 մլրդ 100 մլն դրամ, որի շուրջ 81 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այլ պետություններում հայկական արտադրանքի մրցունակությունն ապահովելու նպատակով պետությունը կսուբսիդավորի արտահանվող ապրանքի յուրաքանչյուր կիլոգրամը կամ լիտրը։

Արտահանվող կեռասի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց կտրամադրվի 400 դրամ, ծիրանի համար՝ 200 դրամ, իսկ սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ։ Խմիչքների դեպքում շշալցված խաղողի գինու մեկ լիտրի սուբսիդավորումը կկազմի 350 դրամ, հանքային ջրինը՝ 150 դրամ, իսկ շշալցված բրենդիի մեկ բացարձակ լիտրի համար կհատկացվի 830 դրամ։

Կառավարության կանխատեսումներով՝ հունիսին կարտահանվի շուրջ 11,5 հազար տոննա թարմ պտուղ, որի հիմնական մասը կկազմի ծիրանը՝ 7000 տոննա, ինչպես նաև 2000-ական տոննա կեռաս և սալոր, 500 տոննա դեղձ ու նեկտարին։ Նախատեսվում է նաև 290 հազար լիտր գինու, 800 հազար բացարձակ լիտր բրենդիի և 2 մլն լիտր հանքային ջրի արտահանում։

Փոխհատուցում ստանալու համար արտահանող ռեզիդենտ ընկերությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով արտահանման մաքսային հայտարարագրերի և հաշիվ-ապրանքագրերի պատճենները։  

***

Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 3-ից ժամանակավորապես արգելվել է Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը ՌԴ, ինչպես նաև դրանց տարանցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է  պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում