Հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց, որ դիմումով ներկայացրել են ընտրություններից առաջ և ընտրության օրն արձանագրված ընտրախախտումների մասին։
«Դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը՝ ընտրությունների վերջնարդյունքների ամփոփման օրը»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ Վարդևանյանի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է նաև անդրադարձ կատարել վերաքվեարկության հանգամանքին, որը ներկայացվել է դաշինքի կողմից մուտքագրված դիմումի շրջանակում։
«Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե 2 ընտրատեղամասի անվավեր ճանաչված արդյունքներն ազդեցություն ունեն ընտրության արդյունքների վրա, ապա վերաքվեարկությունը պարտադիր է։ ԿԸՀ–ն պարտավոր է կազմակերպել այդ ամենը։ Մեծ հարց է` արդյոք նմանատիպ ընտրախախտումներ եղել են միայն այդ 2 ընտրատեղամասում, թե մի շարք այլ ընտրատեղամասերում ևս»,- ասաց Վարդևանյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին անվավեր է ճանաչել հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները թիվ 10/51 և 35/65 տեղամասերում՝ քվեարկության օրն արձանագրված խախտումների հիմքով։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ Նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ 2 դաշինք, 1 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %
«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28%
«Հայաստան» դաշինք- 145 113 քվե, 9,93%։
Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։ Վերահաշվարկի արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Վերահաշվարկի արդյունքում պարզ կլինի արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի Ազգային ժողով, թե ոչ։ Քվեների հաշվարկի նախնական արդյունքով ԲՀԿ-ն ստացել է 3,9 % քվե։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 %-ն է։












