Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով

Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Քննչական կոմիտեում ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:
Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:
Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:










